Tuesday, August 31, 2010

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ

«Lragir.am», 30.08.10թ: Օգոստոսի 25-ին ավարտվեց Տիգրանակերտի այս տարվա պեղումներ շրջանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանն այս տարվա պեղումները շատ արդյունավետ է գնահատում: Ըստ նրա` պեղումներ են իրականացվել մի շարք տեղամասերում, միջնաբերդի հատվածում, հյուսիսային պարսպի հատվածում, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու հարավային բակում: “Բոլոր տեղերում արդյունքները շատ լավն են, նորից եմ ուզում շեշտել, որ Տիգրանակերտը շատ հարուստ քաղաք է, ու թեեւ այն Արցախի մայրաքաղաք չի եղել, մենք նման տեղեկատվություն չունենք, սակայն եղել է առևտրաադմինիստրատիվ մշակութային կենտրոն: Սա ակնհայտ է, պեղումներն էլ են դա ապացուցում”, ասել է Համլետ Պետրոսյանը, նաև նշել Տիգրանակերտի սպիտակ գույնը, “ամեն ինչը սպիտակ, ամեն ինչը իրականցված կրաքարի օգնությամբ”: Երկրորդ կարևոր արդյունքը հետախուզական պեղումներ են: Իրականում ոչ ոք չգիտի` այդ քաղաքը ինչ տարածք է ունեցել, ինչ մասերից է բաղկացած եղել: “Ինչի մասին որ ես խոսում եմ` միջնաբերդ, հյուսիսային ամրապատ, կենտրոնական թաղամաս, դրանք նորօրյա հնագետներից կողմից դրված ավանումներն են”, նշել է Համլետ Պերտոսյանը: Խմբին հաջողվել է գտնել մի նոր` անտիկ դարաշրջանի թաղամաս, որտեղ մշակութային շերտի խորությունը հասնում է մինչեւ երկու մետր, որտեղ գտածոները չեն տարբերվում Արտաշատի լավագույն նմուշներից: Վերջին տասնօրյակում պեղել են նաև երկու կարասային թաղում Տիգրանակերտի նորահայտ անտիկ դամբարանադաշտում, որտեղից գտվել է երկու պղնձե դրամ, որոնք դեռ ատաքին դատողութկանբ պարթեւական ժամանակների դրամներ են: Ի դեպ, դրամները դրված են եղել հանգուցյալի բերանի վրա, որից էլ հանգուցյալի ատամները կանաչել են: Համլետ Պետրոսյանի խոսքով` այս տեսակ դրամները շատ կարևոր են, և հույս է հայտնել, որ դեռ կգտվեն Տիգրանի ժամանակների , ինչպես նաև Տիգրանի հատած դրամներից: Ուխտավայր դարձած Տիգրանակերտի հյուսիսային պարիսպը բացվել է այս տարի 20 մետր երկարությամբ, հատվածի խորությունը 6-10 մետր է, բացարձակ խորությունը հասնում է 5-ից ավելի մետրի. պարսպի որոշ հատվածներ մոտավորապես 4 մետր բարձրություն ունեն:

No comments: