Tert.am. 5-8-2010- Ամերիկացի ազդեցիկ հանրապետական սենատորներն առաջարկում են վերանայել ԱՄՆ-ի օրենսդրությունը, որով մեխանիկորեն քաղաքացիություն է ընձեռվում երկրի տարածքում ծնված յուրաքանչյուր մարդու։
ԱՄՆ-ի տարածքում ծնված յուրաքանչյուր երեխայի ամերիկյան քաղաքացիություն ընձեռող օրենքը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին հայտարարել է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակ-Քոնելը, ինչպես նաև ազդեցիկ կոնգրեսականներ Ջոն Մակ-Քեյնը, Ջոն Քայլը, Ջեֆ Սեշնսն ու Լինդսի Գրեհամը։
«Չգիտեմ, թե ինչի մասին են մտածել 14-րդ փոփոխության հեղինակները, սակայն կասկածում եմ, թե մտածել են այն մասին, որ ինչ-որ մեկը կարողանա գալ Բրազիլիայից, երեխա ունենալ, իսկ հետո այդ երեխայի հետ վերադառնալ հայրենիք՝ նրան ընդմիշտ դարձնելով ԱՄՆ-ի քաղաքացի»,- ասել է Ջեֆ Սեշնսը։
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ԱՄՆ-ում ծնվածներին մեխանիկորեն քաղաքացիություն ստանալու իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է նոր փոփոխություն կատարել երկրի Սահմանադրությունում, իսկ դրա համար պահանջվում է Կոնգրեսի յուրաքանչյուր պալատի 2/3-ի համաձայնությունը։ Նշենք, որ ԱՄՆ-ի օրենսդրությունում նմանատիպ փոփոխություններ կատարելու ավելի վաղ փորձերը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի դիմադրությանը։
Հանրապետական սենատորների առաջարկը, անկասկած, կստանա պահպանողական տրամադրվածություններ ունեցող ընտրազանգվածի աջակցությունը։ Ներգաղթի հետ կապված հարցերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ամերիկյան հասարակության շրջանում։ Արիզոնա նահանգում միգրացիոն օրենսդրությունը խստացնելու փորձերը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը կողմ է երկրում ներգաղթի հոսքի կրճատմանը։
ԱՄՆ-ի տարածքում ծնված երեխաների գոյություն ունեցող իրավունքները սահմանափակելու հանրապետականների փորձերը, անկասկած, չեն ընդունվի Լատինական Ամերիկայից ներգաղթածների շրջանում։ Իսպանախոս ներգաղթյալներն ամերիկյան հասարակության ամենախոշոր փոքրամասնությունն են, և նրանց նախընտրական նախասիրությունների վրա մեծապես ազդում է այս կամ այն քաղաքական ուժի մոտեցումը ներգաղթի հետ կապված հարցերին։
Սենատոր Լինդսի Գրեհամն ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու իրավունքից զրկել անօրինական ներգաղթյալների երեխաներին։ Միթչ Մակ-Քոնելը չէր պաշտպանել այդ նախաձեռնությունը, սակայն ընդգծել էր, որ անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ քննել այն դեպքերը, երբ անօրինական ներգաղթյալները դիտմամբ ժամանում են ԱՄՆ՝ երեխա ունենալու և այդ երեխայի համար քաղաքացիություն ստանալու նպատակով։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարության գնահատականներով՝ 2009թ. հունվարի դրությամբ երկրի տարածքում 10.8 մլն անօրինական ներգաղթյալ է բնակվել։ Ըստ Pew Hispanic Center հետազոտական կենտրոնի՝ 2008թ. ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել Լատինական Ամերիկայից 3.8 մլն անօրինական ներգաղթյալների երեխաներ։
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment