Tuesday, August 24, 2010

Հայ եւ թուրք պատանի բասկետբոլիստները համատեղ կմարզվեն Թուրքիայում

Ամերիկացիների կնքահայրությամբ Հայ եւ թուրք պատանի բասկետբոլիստները համատեղ կմարզվեն Թուրքիայում Այս մասին լռում են և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը

«Հայաստան» շբթ., Աթենք, 23.08.10թ.: 24 հայ եւ թուրք պատանիներ ու աղջիկներ օգոստոսի 19-29-ը Թուրքիայում կմարզվեն ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի կողմից: Այս մասին հաղորդել է Անկարայում ԱՄՆ դեսպանությունը: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ քայլը ֆինանսավորվում է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության «Միավորված սպորտներ» ծրագրի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բրուս Դոնահյուն իրենց այս նախաձեռնության մասին ասել է. «Այս ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը, սպորտի նկատմամբ սերը կարող է մտերմացնել մարդկանց՝ դրանով իսկ աննշան դարձնելով բոլոր տարբերությունները: Հուսով ենք, որ փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը այս երիտասարդ մարզիկների միջև կծառայեն ի նպաստ Հայաստանի և Թուրքիայի՝ որպես հարևանների, և երկու երկրների առավել պայծառ ապագայի»: Ծրագրի իրականացման առաջին շաբաթը պատանիները կանցկացնեն Թուրքիայի Օրեն քաղաքի սպորտային ճամբարում, որտեղ սպորտային պարապմունքների ընթացքում ՙնրանք և նրանց մարզիկներն ուսումնասիրելու են երիտասարդների առաջնորդության և միջմշակութային հաղորդակցության սկզբունքները»: Երկրորդ շաբաթվա ըթնացքում մասնակիցները կմեկնեն Իզմիր քաղաք՝ հանդես կգան բարեկամական խաղերով, ներկա կլինեն Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կողմից անցկացվող բասկետբոլի աշխարհի առաջնության առաջին օրվան և Ջորջ Մուրեսանի հետ կմասնակցեն բասկետբոլի թաղային ուսումնական կենտրոնի աշխատանքներին: Հաջորդ տարվա հունվարին նույն հայ և թուրք պատանիները կուղևորվեն Միացյալ Նահանգներ՝ մարզվելու և խաղալու ամերիկացի երիտասարդների հետ: Պատմական և աշխարհա-քաղաքական լուրջ տարաձայնությունների նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նման մակերեսային մոտեցումները, Միջին արևելքում անգամներ ցույց են տվել իրենց, մեղմ ասած, անարդյունավետությունը: Իսկ ամերիկյան «սպորտային» այս յուրօրինակ նախաձեռնության մասին շարունակում են լուռ մնալ ՀՀ իշխանությունները, ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները:

No comments: