Wednesday, September 15, 2010

ԱՅՍՕՐ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Լրագիր» 15-9-2010- Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակելու է երկու վճիռը` Լաչինի նախկին բնակիչներ վեց ադրբեջանցիների և Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից հայ փախստականի ներկայացրած հայցերի վերաբերյալ, ովքեր մինչև 1992 թ. ապրել են նշված տարածքներում և ղարաբաղյան պատերազմի հետևանքով ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակավայրը:
Ադրբեջանցի հայցվորներն իրենց դիմումում նշել են, որ մինչև օրս անկարող են վերադառնալ նախկին բնակավայր հայկական կողմի օկուպացիայի պատճառով, որ ոչ միայն կորցրել են իրենց տունն ու կարողությունը, այլև զրկվել են տեսանելի ապագայում ունեցվածքն օգտագործելու կամ ժառանգելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել իրենց դիմումները Լաչին վերադառնալու վերաբերյալ: Վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի դրույթները, հայցվորները նշել են, որ ՀՀ իշխանությունները որևէ փորձ չեն արել իրենց փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու ուղղությամբ: Ընդգծվել են սեփականության իրավունքի խախտման, անձնական, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի և փոխհատուցում ստանալու վերաբերյալ կոնվենցիայի հոդվածները: ՀՀ-ի դեմ հայցում հայցվորները նշել են խտրականությունն արգելելու վերաբերյալ կոնվենցիայի 14-րդ հոդվածը, ընդգծելով, որ եթե իրենք ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինեին ապա չէին տեղահանվի Հայաստանի աջակցությունը վայելող ղարաբաղյան զորքերի կողմից:

Օրվա երկրորդ կեսին, գրեթե նույն հիմնավորումներով ու փաստարկներով դատարանը կհրապարակի իր վճիռը Ադրբեջանի դեմ հայ փախստականի հայցի վերաբերյալ: Հայցվորը` Մինաս Սարգսյանը նշել է, որ մինչև 1992 թ. ապրել է հայերով բնակեցված Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, սակայն ադրբեջանական զորքերի ռմբակոծություններից հետո ինչպես ողջ գյուղը, այնպես էլ ինքն իր ընտանիքով ստիպված է եղել լքել մշտական բնակավայրը: Հայցվորը մեղադրել է ադրբեջանական իշխանություններին իր ընտանիքին բռնի տեղահանելու, հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև հայկական գերեզմանաքարերն ու խաչքարերը պղծելու մեջ:

Նշենք միայն, որ այս երկու հայցերը դատարանի վարույթ են ընդունվել տարբեր ժամանակահատվածներում` 2005 և 2006 թթ., սակայն դատարանը դրանց վերաբերյալ վճիռները հրապարակելու է նույն օրը:

No comments: