Saturday, September 4, 2010

Մեդվեդեվ. Գյումրիի ռազմակայանը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար է

Ադրբեջանում այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը արտահայտվել է Գյումրիում ռուսական ռազմակայանի կապակցությամբ։ «Ռազմակայանը գոյություն ունի, որպեսզի խաղաղություն և կայունություն ապահովի տարածաշրջանում։ Այստեղ որևէ հետին միտք չկա»: Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, Բաքվում անցկացված բանակցությունների արդյունքներին նվիրված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Դ. Մեդվեդևը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայումը երկարաձգելու մասին պայմանագրում, որը ստորագրվել է նրա վերջերս Երևան կատարած այցի ընթացքում, «սկզբունքային նոր բան չկա»։ «Այնտեղ նշված է, որ ռազմակայանի ներկայության ժամկետը երկարաձգվում է։ Ես համոզված եմ, որ նման կերպով մենք ավանդ ենք ներդնում Կովկասում, Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի առողջացման գործում»,- ասել է ՌԴ նախագահը։ «Ռուսաստանի համար, որը հանդիսանում է կովկասյան երկիր, շատ կարևոր է կայունություն ապահովել տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն և կարգ ու կանոն։ Հենց այս տեսակետից էլ պետք է դիտարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարաձգման որոշումը: Մենք ադրբեջանական կողմի հետ սերտ կոորդինացիա կիրականացնենք և կարծիքների փոխանակություն կկատարենք՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման բոլոր հարցերում» , - նշել է Դ. Մեդվեդևը:

No comments: