Wednesday, September 15, 2010

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

«Լրագիր» 15-9-2010- Առանց արժանապատվության և պատվի մարդը չի կարող պաշտպանել իր հայրենիքը: Որովհետև նա պաշտպանում է ոչ թե հողն ու քարը, այլ տվյալ հողի վրա ապրելու իր իրավունքը, ապրելու այնպես, ինչպես ինքը կցանկանա: Մարդուն այլ կերպ ապրել ստիպելու փորձերը հաճախ չեն դիպչում նրա անվտանգությանը և առողջությանը, այլ հարվածում են պատվին և արժանապատվությանը: Օրինակ, եթե մարդուն փորձում են ստիպել հավատափոխ լինել, դա հարված է նրա արժանապատվությանը, որի հիմքում ընկած է կրոնը ընտրելու իր իրավունքը, ապրելավայրը և ապրելաոճը:
Ապրելաոճ և ապրելավայր ընտրելու կոլեկտիվ իրավունքը պաշտպանելու համար յուրաքանչյուր առանձին վերցրած անհատի մեջ պետք է լինի պատվի և արժանապատվության զգացումը: Ոչ ոք իրավունք չունի ստիպել ինձ հեռանալ իմ հայրենիքից, եթե ես դա չեմ ցանկանում: Ոչ ոք իրավունք չունի ինձ ստիպել այս կամ այն կրոնը դավանել, լսել այս կամ այն երաժշտությունը, ապրել չգրված օրենքներով: Հենց վիրավորված արժանապատվությունն է ստիպում մարդկանց պաշտպանել սեփական պատիվը: Պատահական չէ, որ ռոմանտիկ 19-րդ դարում զինվորականները ասում էին` պատիվ ունեմ: Հյուսիսային Կովկասում ջիգիթներին դաստիարակում էին պատվի զգացումով, որը նրանք պետք է պաշտպանեին կյանքի գնով: Այն ամենը, ինչ պետք է պաշտպանեին, նույնպես պատիվ էր կոչվում: Եթե ինչ-որ մեկը վիրավորում էր քրոջը, ջիգիթը համարում էր, որ վիրավորել են նաև իր պատիվը, և նա վրեժխնդիր էր լինում: Մայրը նույնպես պատվի հոմանիշն էր համարվում, ինչպես նաև հայրենիքը, սեփականությունը: Մի շարք այլ երկրներում պատիվը վիրավորել էր համարվում, եթե մարդու գլխից գցում էին գլխարկը: Իսկ առանց հյուս կինը համարվում էր խայտառակված, քանի որ բացել էր իր պատիվը` մազերը:

Սակայն հանգիստ թողնենք ջիգիթներին, որոնց մոտ արժանապատվության զգացումը հասցված էր հիվանդագին աստիճանի: Վերդառնանք մեր բանակին, որտեղ պատիվը դադարել է լինել մարտական պատրաստվածության մասը: Մարդկային արժանապատվության վիրավորումն ամեն քայլափոխի չի կարելի համարել դաստիարակություն կամ կարգապահության ուսուցում: Որովհետև պատվից և արժանապատվությունից զուրկ զինվորը ոչինչ չունի, որի համար կկռվի. կվտարեն սեփական հողից, ուրիշը կգտնեմ, կծաղրեն սիրելի կնոջը, էլի դժբախտություն չէ, ինչպես ասում են, մահացու չէ:

Ցանկացած բացասական իրավիճակում մարդը բնազդորեն փորձում է գտնել մեղավորների: Բանակի բարքերի անսպասելիորեն հրապարակային դառնալը առաջին հերթին առաջ բերեցին պաշտպանության նախարարի հրաժարականի կոչեր: Հազիվ թե Սեյրան Օհանյանը և նրան շրջապատողները հիացած են բարձրացված աղմուկից և այն բանից, ինչ կատարվում է բանակում: Նախարարությունը նույնիսկ քայլեր է ձեռնարկում, իսկ խորհրդարանում քննարկվում է բանակի բարեփոխման նախագիծը: Սակայն պատվի հասկացությունը, որի վրա պետք է հիմնված լինի պետական բանակը, չի դառնում այդ բարեփոխումների առանցքը: Այլապես Սեյրան Օհանյանն իրոք հրաժարական կտար: Իրավիճակը բանակում դրանից հետո գուցե չփոխվեր, սակայն նա կապացուցեր, որ պատիվն ու արժանապատվությունը իր համար վեր են ամեն ինչից: Եվ, հնարավոր է, որ այդ հասկացությունները մտնեին բանակային անցուդարձ: Այլապես ստացվում է, որ զինվորներն ամեն օր պատիվ տալուց զրկվում են դրանից և մնում են առանց ոչնչի:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: