Tuesday, September 21, 2010

Սադիխով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում Ադրբեջանի հզորացումը

Aysor.am. 21-9-2010- Բաքվի «Արևմտյան» համալսարանի պրոֆեսոր Ֆիկրետ Սադիխովը մեկնաբանել է ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսի և Անատոլի Սերդյուկովի հայտարարությունը` ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի ավելացման մասին:

«Արխանգելի նորությունները»-ը գրում է, որ, Սադիխովի կարծիքով, հզոր գերտերությունները և միջազգային կազմակերպությունները չեն ցանկանում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական օջախ հայտնվի:

Գերտերությունները, փորձագետի կարծիքով, չեն ցանկանում, որպեսզի լուծվի ղարաբաղյան խնդիրը և Ադրբեջանը հզորանա:

«Եվ ԱՄՆ ու ՌԴ պաշտպանության նախարարների հայտարարությունը դրա վկայությունն է»,- ասել է Սադիխովը:

Նրա տեսակետով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում իրենց համանախագահության առաջին օրվանից նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի պատերազմը վերսկսվի: Ընդ որում, նրանք հետապնդել են սեփական շահը` էներգետիկ նախագծերի իրականացում, ռազմական բազաների ստեղծում, տարածաշրջանում իրենց ներկայությունը Իրանի դեմ:

Սադիխովը կարծում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը շարունակում է ավանդական գիծը, որի հետքերը տանում են Պետրոս I-ինի ժամանակաշրջան: Այսօր Մոսկվան տարածաշրջանում լուրջ հետաքրքրություններ ունի: Եթե նախկինում նա Հարավային Կովկասը պահում էր իր իշխանության ներքո, ապա այժմ ձգտում է այն պահել գեթ վերահսկողության ներքո: ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի էներգետիկ և այլ նախագծեր: Այնպես որ ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումները ղարաբաղյան հարցում համընկնում են: Մոսկվայի և Երևանի միջև Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների մինչև 49 տարի երկարաձգման մասին նոր համաձայնագրի ստորագրումը համաձայնեցված էր ԱՄՆ հետ: Դա Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ ազդակն էր Ադրբեջանին այն մասին, որ Բաքուն չմտածի իր տարածքներն ազատել ռազմական ճանապարհով:

«Այդ պատճառով, եթե Վրաստանի հաշվով ՌԴ և ԱՄՆ միջև տարաձայնություններ կան, ապա Ղարաբաղի հակամարտության սառեցման հարցում նրանք պահպանում են լիակատար փոխըմբռնում»,- գտնում է փորձագետը:

No comments: