Saturday, September 18, 2010

Ստամբուլի օդանավակայանում հայերին հարցաքննելու գործընթաց է սկսվել

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Ստամբուլի օդանավակայանում հայ լրագրողների և քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպին և մանրամասներ ներկայացրեց։ Ըստ նրա, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Թուրքիա մեկնած 8 լրագրողներից 4-ին և նույն չվերթի շուրջ 20 հայերի Ստամբուլի օդանավակայանի աշխատակիցները անհիմն մոտ 2 ժամ կանգնեցրել են օդանավակայանում և հարցաքննել։ Հայերի հետ շփվելու համար օդանավակայանի թուրք աշխատակիցներն անգամ թարգմանիչ չեն հրավիրել. նրանց հետ խոսել են թուրքերեն։
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ստուգում էին լրագրողների հյուրանոցի վերաբերյալ տեղեկատվությունը, պարզում, թե նրանց մոտ որքան գումար կա։
Պատճառաբանել են, թե լրագրողները բավարար գումար չունեն Թուրքիայի տարածք մուտք գործելու համար։ Երբ կատարվածին միջամտել են Բորիս Նավասարդյանն ու հրավիրող կողմի ներկայացուցիչները, շուրջ երկու ժամ տևած հարցաքննությունից հետո հայերին թույլատրել են մուտք գործել Անկարա։ Նավասարդյանի խոսքով, երբ տեղի ունեցածի մասին իմացել են թուրք լրագրողները, նրանք փորձել են պատկան մարմիններից բացատրություններ ստանալ, սակայն դա նրանց չի հաջողվել։
Այնուհետև, ըստ Նավասարդյանի, պարզվել է, որ նույն ժամերին այլ չվերթերով Անկարա են մեկնել այլ երկրների քաղաքացիներ, որոնց հանդեպ, սակայն, օդանավակայանում նման խիստ վերաբերմունք չի ցուցաբերվել։
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ տեղի ունեցածը ոչ թե թյուրիմացություն է, այլ դիտավորություն։ Թուրքիա մեկնած հայերը Նավասարդյանին տեղեկացրել են, որ նախորդ օրերին ևս օդանավակայանում նման խնդիրների են հանդիպել։ «Սրանով թուրքական իշխանություններն ուզում են հասկացնել, թե եթե չեք ուզում մասնակցել Վանի պատարագին, ուրեմն ընդհանրապես ցանկալի հյուր չեք մեզ համար»,- եզրակացրել է Նավասարդյանը՝ հավելելով, որ թուրք հասարակության վերաբերմունքն էլ է փոխվել հայերի նկատմամբ։
Ըստ նրա, հայ լրագրողները միջադեպի կապակցությամբ Թուրքիայից պաշտոնական բացատրություն են սպասում, որը մինչև օրս չի ստացվել։

No comments: