Wednesday, September 15, 2010

ԲԱ ԷԼ ՊԱՇՏՈՆՆ ԻՆՉԻ ՊԱՀԵՑԻՆ

«Լրագիր» 15-9-2010- Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 14-ին ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկին հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Ազգային Ժողովի արտահերթ նիստը կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել է Ժառանգություն խմբակցությունը: Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարել է, թե օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարում է դաշնակցական Արմեն Ռուստամյանը: Երբ հայ-թուրքական պատճառաբանությամբ ՀՅԴ դուրս եկավ կոալիցիայից, հանձնաժողովի նախագահի պաշտոնը պահպանեց, ինչը ներկայացվեց ընդդիմությանն էլ լիազորություն տալու իշխանական հանդուրժողության դրսեւորում, որը սիրով ընդունեց ՀՅԴ:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմում են 4 ՀՀԿ-ական, 1 բարգավաճական, 1 օրինացերկրական, մի անկախ պատգամավոր եւ 1 ժառանգական: Արմեն Ռուստամյանից բացի Դաշնակցությունից կա եւս 1 անդամ: Եվ ահա, ՀՅԴ անդամ Ռուստամյանի գլխավորած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծին: Մինչդեռ նույն Արմեն Ռուստամյանն օրեր առաջ հայտարարում էր, ասուլիսներից մեկում, թե հարկավոր է, որ Հայաստանը Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի:

Այդ հայտարարության հեղինակի գլխավորած հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս Ղարաբաղի ճանաչման օրինագծին: Բա Հայաստանը որպես ի՞նչ պետք է Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի, ըստ Արմեն Ռուստամյանի: Ղարաբաղը ԺԵԿ է, համատիրություն է, ասոցիացիա է, ինչ է, որ պետք է Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի: Պետությունը պետության հետ է այդպիսի դաշինքներ կնքում, հետեւաբար պետք է ճանաչել նախ Ղարաբաղը, որպես պետություն, նոր հետո կնքել դաշինքներ:

Հնարավոր է, որ արտաքին հանձնաժողովի դաշնակցական անդամները կողմ են եղել նախագծին, գոնե քննարկման առումով, որ այն գոներ արժե քննարկել, բայց հանրապետականները, բարգավաճականներն ու օրինացերկրականները դեմ են եղել եւ քվեարկությունը որոշել է բացասական գնահատական տալ դրան: Շատ բարի, հնարավոր է: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե Դաշնակցությունը էլ որպես ինչ պահեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

No comments: