Monday, September 20, 2010

Մուհամմեդ Բաղիր Բահրամի. Իրանը միակ հարևանն է, ով տուժել է ղարաբաղյան հակամարտության պատճառով:

ԵԱՀԿ Մինսկի խումբը, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել 19 տարիների ընթացքում, էլ ավելի բարդացրեց հակամարտությունը: Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդ Բագիր Բահրամին:
«Մինսկի խումբն ընդհանրապես ջանքեր չի գործադրում խնդրի արդար կարգավորման համար, և ընդունակ էլ չէ դա անել։ Իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմական համաձայնագիրն առաջ է բերել Բաքվի դժգոհությունը, Ղարաբաղյի անջատականներին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունն անհագստացնում է Ադրբեջանին»:
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին` իրանցի դիվանագետը հայտարարել է. «Ստույգ և հստակ տեղեկատվություն չի ներկայացվում այդ նախագծի վերաբերյալ: Օկուպացված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայումը պաշտոնապես կնշանակի Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից: Իրանը պնդում է, որ միջազգային սահմանները մնան անփոփոխ: Իրանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»:
Մուհամմեդ Բագիր Բահրամիի խոսքով` Իրանը միակ հարևանն է, ով տուժել է ղարաբաղյան հակամարտության պատճառով:
«Որովհետև այդ հակամարտությունը փոփոխություն է մտցրել Իրանի և Ադրբեջանի միջև սահմանների աշխարհագրական համակարգում: Իրանի` Ադրբեջանի հետ 618 կմ սահմանից 120 կմ–ը գտնվում է անջատականների վերահսկողության տակ: Այդ պատճառով ղարաբաղյան հակամարտությունն ուղղակիորեն առնչվում է Իրանի ազգային անվտանգությանն ու ազգային շահերին»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

No comments: