Thursday, September 16, 2010

ԻՆՉՈՒ ՀԻՇՎԵՑ ԻՐԱՆԸ

«Լրագիր» 16-9-2010- Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր, Հայաստանի արտաքին քաղաքականությունն Իրանի ուղղությամբ կարծես թե այդքան էլ աշխույժ ու նախաձեռնողական չէ: Օրինակ, հատկանշական է, որ դառնալով նախագահ, Սերժ Սարգսյանը հարեւան երկրներից ամենավերջինը հանդիպեց Իրանի նախագահին, մինչ այդ հանդիպելով թե Սահակաշվիլիի, թե Գյուլի, թե Ալիեւի հետ: Հատկանշական է, որ օրինակ եղավ այնպես, որ Իրանը Հայաստանի հետ սկսեց հարաբերվել ոչ թե ներկայիս, այլ նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարյանի միջոցով:
Իրանի հանդեպ այդ որոշակիորեն հանդարտ վերաբերմունքը գուցե կարելի է բացատրել նրանով, որ այդ երկրի հետ Հայաստանը խնդիրներ չունի: Գուցե դեր ունի Արեւմուտքի հանդեպ վերաբերմունքը, իսկ Հայաստանն էլ մտածում է, որ Իրանի հետ շատ մերձենալով կարող է բարկացնել Արեւմուտքին, կամ էլ ուր որ է Արեւմուտքը կարող է ինչ որ պատժիչ ակցիա իրականացնել Իրանի դեմ, եւ այդ պարագայում շատ մերձ լինելով այդ երկրին, Հայաստանը կարող է ակամայից տուժել այդ ակցիայի հետեւանքով:

Ահա այդ իրավիճակում, Հայաստանի եւ Իրանի շփումները դառնում են առավել հետաքրքրական: Եթե Հայաստանը կամ Իրանը հիշում են իրար մասին, հանդիպում են նախագահի կամ թեկուզ արտգործնախարարի մակարդակով, ուրեմն կա հրատապ որեւէ խնդիր, որը կարիք կա քննարկել: Ինչ խնդիր կարող էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին տանել Իրան, ուր նա պաշտոնական այց է իրականացնում եւ հանդիպում է Իրանի ղեկավարությանը: Սովորաբար հայ-իրանական քաղաքական այդ շփումները տեղի են ունենում Ղարաբաղի հարցում սպասվող իրադարձությունների կամ արդեն տեղի ունեցած զարգացումների ֆոնին:

Այդ իմաստով, Ղարաբաղի շուրջ զարգացումներն էին ՄԱԿ-ում հայտնի բանաձեւի պատմությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկու հայտնի հայտարարությունները, որով նրանք մինչեւ դեկտեմբեր, երբ տեղի կունենա ԵԱՀԿ Վեհաժաղով, կոչ էին անում հակամարտ կողմերին աշխուժացնել բանակցությունը: Համանախագահները նաեւ հայտարարեցին սեպտեմբեր-հոկտեմբերին ազատագրված տարածքներ փաստահավաք առաքելությամբ գալու մասին: Այլ կերպ ասած, սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածը լինելու է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի հերթական խաղակեսը:

Գաղտնիք չէ, որ Իրանը մեղմ ասած անտարբեր չէ այդ գործընթացի հանդեպ, քանի որ այն անմիջականորեն շոշափում է Իրանի շահը, նկատի ունենալով հակամարտության սահմանակցությունն Իրանին: Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի ղեկավարությունը թերեւս քննարկելու են հերթական “խաղակեսում” Հայաստանի մարտավարության խնդիրը: Հայաստանը միգուցե Իրանին տեղյակ է պահելու իր մտադրությունների եւ հնարավորությունների մասին, կամ հանգստացնելով Իրանին, որ նրան սահմանակից ազատագրված տարածքների հարցում բեկումնային ոչինչ չի լինելու, կամ էլ հակառակը` բեկումնային հնարավոր զարգացումները կանխելու համար օգնություն խնդրել Իրանից, որ այդ երկիրը գործի դնի իր դիվանագիտական ռեսուրսը եւ թույլ չտա այդօրինակ զարգացում:

Թերեւս առավել հավանական է առաջին տարբերակը, որ Հայաստանն Իրանին պարզապես ներկայացնում է առկա պատկերն ու տեղեկացնում, որ Իրանն այս պարագայում չունի փաստահավաք առաքելությունից եւ մինչեւ դեկտեմբեր սպասվող զարգացումներից անհանգստանալու հիմք: Հազիվ թե բեկումնային որեւէ զարգացման հավանականության պարագայում Հայաստանը համաձայնություն տար ԵԱՀԿ փաստահավաք առաքելությանը, առանց այդ համաձայնությունն Իրանի հետ նախապես համաձայնեցնելու: Մինչդեռ Հայաստանի արտգործնախարարը Իրան է մեկնում այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնվել է փաստահավաք առաքելության գաղափարին: Ի վերջո, Հայաստանի համար խիստ անխոհեմ քայլ կլինի այդ հարցերում հաշվի չառնել Իրանի շահը:

Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բանակցողը որչ միայն իր, այլ նաեւ դիմացինի շահի մասին պետք է մտածի, եթե ցանկանում է հարցը լուծել: Այդ դեպքում առավել եւս անմտություն կլինի մտածել դիմացինի` այսինքն Ադրբեջանի շահի մասին, ու դրանից ավելի չմտածել Իրանի շահի մասին, որը Հայաստանի համար առայժմ թերեւս ամենականխատեսելի հարեւան պետությունն է այդ բառի մեզ համար շահավետ իմաստով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: