Monday, September 6, 2010

Թուրքական աշկերտությունը հայ պատմաբանների ուշադրության կենտրոնում

7Or.am. 4-9-2010- Չմեռանք, այն օրն էլ տեսանք, որ Թուրքիայի արտգործնախարարի աշակերտը եկավ Հայաստան' մեզ ու մեր լրագրողների համար դասախոսություն կարդալու: Հրավիրողը Հայաստանում գործող «Եվրազիա» գրանտակեր կազմակերպությունն է, Հայաստանի վիզա տվողը' ՀՀ արտգործնախարարությունը: Եթե, այնուամենայնիվ ՀՀ արտգործնախարարությունը կապ չունի այս արտառոց հյուրի գալստյան հետ, ապա առնվազն անճարակների հավաքատեղի է, որ ընդունակ չէ հայ լսարանը պաշտպանել Դավութօղլուի հետնորդներից:

Ժամանակին մեր արտգործնախարարը, դիմելով հայ հասարակությանը, քանիցս նշել է, թե Դավութօղլուի այս ու այն հայտարարությունը, այս ու այն տեսակետը, առաջարկած այս ու այն լուծումը Թուրքիայի ներքին օգտագործման համար է արվում: Ի հեճուկս մեզ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված ֆուտբոլային դիվանագիտության ողջ ընթացքում մենք Թուրքիայի արտգործնախարարի բերանից այդպես էլ չլսեցինք հայ-թուրքական համատեղ օգտագործման եւ ոչ մի հայտարարություն: Թերևս համատեղ օգտագործման նյութ կարելի է համարել հայ-թուրքական արձանագրությունները, բայց դրանք էլ բախտ չունեցան վավերացվելու: Ինչևէ:

Հիմա ի՞նչ է կորցրել Հայաստանում Դավութօղլուի աշակերտ Բեհուլ Օզքանը, որը, մի քիչ մեծանալով, փորձագետ է դարձել: Նրան արդեն, պատիվներ տալով, հրավիրում են, ասուլիսներ են անում... Իսկ Պետրոս Ղազարյանն ընդհանրապես հրավիրում է «Կենտրոն» հեռուստատեսության «Որվագիծ» հաղորդաշարին: Մեր կարծիքով ոչին էլ չի կորցրել: Ընդհակառակը' եկել է մի բան հետը տանելու: Թե ի՞նչ, կիմանանք ստորև, իսկ հիմա...

Հայ ժողովրդին, ՀՀ արտգործնախարարությանը, հայ լրագրողներին այս տիկնիկային ներկայացումը պե՞տք է: Պետք չէ, իհարկե: Բայց պարզվում է, որ նման բաները պետք են մեր որոշ պատմաբանների, ովքեր գիշերները չեն քնում եւ երազում են մի թուրք բռնել, որ նրանից իմանան, թե թուրքերն ինչ են մտածում մեր մասին: Հենց որ իմացան' պրծ... այնպիսի մի հակահարված են տալու, որ սրանք ազգովի ուշքի չգան: Մեր պատմաբանները, հավանաբար, դժվարանում են հավաստի աղբյուրներից, օրինակ ՀՀ արտգործնախարարությունից, այս լուսավոր դարում տեղեկություններ ստանալ առ այն, թե ի՞նչ, ինչպե՞ս եւ ինչո՞վ են մեր մասին մտածում թուրքերը: Հայոց ողջ պատմությունը հայ պատմաբանների համար այլևս հիմք չէ, որպեսզի հասկանան թուրքի ու Թուրքիայի էությունը: Նրանց, ասացեք խնդրեմ, կենդանի թուրք է պետք, որ այստեղ խաղացնեն, եւ այդ կենդանի թուրքը մեզ համար կրկնի հայոց պատմությունից եկող դասերը: Սակայն, այդ թուրք երիտասարդը ընդամենը կրկնեց իր ուսուցչի ասածները: Իսկ թե դրանից հատկապես ինչ նոր հետևություններ արեցին մեր պատմաբանները, այդպես էլ հանրությանը մնաց անհայտ: Փոխարենը մեր հանրության շրջանում լիքը նոր հարցեր առաջացան: Օրնակ' մեր արտգործնախարարը իսկի աշակերտ ունի՞, թե՞ չունի, նրա աշակերտին, եթե ունի, թուրքական իշխանությունները Թուրքիայի վիզա կտա՞ն, թե՞ չեն տա, վերջապես էդ եղած-չեղած աշակերտը Թուրքիայում Նալբանդյանի խոսքերը կկրկնի՞ թե գլխից ուրիշ բաներ դուրս կտա: Ինչ էլ լինի, թուրք պատմաբանները խնդալու մի լավ առիթ են բաց թողել, իսկ մերոնք, լուրջ-լուրջ դեմքերով նստած, Դավութօղլուի աշակերտի հայտարարությունների մեջ դեռ նոր բաներ են փնտրում, որ հակահարված տան:

Ինչպես ասում են' հլա նոր են ցրցամ տալիս, թե որ կարեն:

Էդիկ Անդրեասյան

No comments: