Monday, September 6, 2010

ԺԻՐԱՅՐ, ԴԵ ՊՐԾԻ

«Լրագիր» 6-9-2010- Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերայր Դեպարդյեի Հայաստան կատարած այցը իսկապես նշանակալի իրադարձություն էր, ինչով էլ պայմանավորված էր այն, որ նրա հանդեպ մեծ ուշադրություն ցուցաբերեց հայկական մամուլը: Կարելի էր նշանակալի համարել նաեւ նախագահականում նրա հյուրընկալվելը, բայց այդ դեպքում ստիպված ենք նշանակալից համարել նաեւ ասենք Ռուսաստանի ինչ որ մարզի ինչ որ գուբերնատորի այցը, քանի որ այդ կարգի մարդիկ էլ հյուրընկալվում են մեր նախագահականում: Իսկ ֆրանսիացի հանրահայտ դերասանին ռուսաստանցի գուբերնատորի հետ հավասարեցնելը, մեղմ ասած, դեմ կլինի “ազատության, հավասարության եւ եղբայրության” սկզբունքներին:

Առավել եւս, որ ռուսաստանցի գուբերնատորները դեռեւս ասուլիս չեն տալիս Հայաստանի Ազգային Ժողովում, իսկ Դեպարդյեն տվեց: Ու շատերին հետաքրքրում է, թե ինչու, թե ինչ կապ ուներ նա Ազգային Ժողովի հետ: Ու շատերն էլ մտածում են, որ քանի որ Հովիկ Աբրահամյանի “հովանու ներքո” է անցկացվում “Կարոտ” փառատոնը, ու քանի որ Դեպարդյեն էլ դրա շրջանակում է Հայաստան եկել, ահա դրա համար էլ նա Ազգային Ժողովում է ասուլիս տալիս: Բայց իրականում հազիվ թե դա լինի պատճառը:

Պատճառի համար երեւի թե պետք է շատ ավելի հետ գնալ, դեպի 2008 թվականի սեպտեմբեր, երբ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Թորոսյանի փոխարեն նշանակվեց ԱԺ նախագահ ու հայտարարեց ԱԺ դերը բարձրացնելու մտադրության մասին: Եվ նա փաստորեն հետեւողականորեն բարձրացնում է այդ դերը: Օրինակ, երկու տարի առաջ ով կմտածեր, որ ԱԺ-ում ասուիս կտա ինքը` մեծ դերասան Դեպարդյեն: Ով կմտածեր, որ ԱԺ-ն տեղական նշանակության փոքր դերասանների հավաքատեղի լինելուց բացի, կդառնա աշխարհահռչակ դերասանի հանգրվան: Եվ դա ընդամենը երկու տարում: Կանցնի երեւի թե եւս երկու տարի, ու մեր ԱԺ-ում ասուլիսներ կտան ասենք Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն, Շոն Քոներին, Կատրին Դընյովը, Մերիլ Սթրիփը, համաշխարհային այլ հայտնի աստղեր ու աստղուհիներ, որոնք Հայաստան կգան մասնակցելու, ասենք, “Ախ, իմ հայրենիքի ջուրը”, “Ինձ համար իմ պառավ յարս թանկ է շատ”, “Որն է, լաո, մեր հայրենիք”, “Արարատ, մեր, սիրուն Արարատ”, “Արագածի լանջերին ծով ծովանանք”, “Կանչում է Սեւանը”, “Արազի ափին ծնված ընկեր” եւ այլ կինոփառատոնների շրջանակներում:

Էնպես որ, Դեպարդյեն բացել է մի մեծ ճանապարհ, որով դեռ կանցնեն տասնյակներն ու հարյուրները, վկայելով Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման մասին: Ափսոս միայն, որ Եվա Ռիվասի բախտը մի քիչ չբերեց, թե չէ Եվրատեսիլ 2011-ն էլ կանցկացվեր Հայաստանի խորհրդարանում, առավել եւս նորոգված դահլիճի պայմաններում` ծիրանն էլ կազմակերպիչների հաշվին:

Թե չէ, էլ ինչի համար է պետք Հայաստանի Ազգային Ժողովի շենքը: Ժառանգության պատգամավորների աշխատանքի հարցը կարելի է մի ինչ որ կերպ լուծել: Կարելի է նրանց մի փոքր մաս հատկացնել ԱԺ շենքում, թող գնան գան, օրենքների նախագծեր գրեն, մարդ ես, մեկ էլ տեսար մի օր պետք եկավ: Նրանք հազիվ թե խանգարեն աստղերի ասուլիսներին կամ համերգային միջոցառումներին: Իսկ համերգի կամ ասուլիսների աստղերն էլ ըմբռնումով կմոտենան, երբ հարկ լինի մի քիչ կամաց խոսել կամ երգել, քանի որ կողքի սենյակում Ժառանգությունն ասենք ինչ որ օրինագիծ է քննարկում:

Ի վերջո, արտասահմանցի աստղերը համեստ մարդիկ են եւ նրանք հասկանում են, որ կյանքում իրենցից բացի էլի բաներ կան, որոնք արժանի են կատարվելու:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: