Thursday, September 30, 2010

Ն.Զլոբին. «Հայաստանը շատ ռոմանտիկ է...պետք է ավելի ցինիկ դառնա»

Panorama.am. 30-9-2010- «Հայաստանը, որ ունի հնագույն պատմություն, ըստ իս շատ ռոմանտիկ է նայում կյանքին և իմ խորին համոզմամբ, ձեր երկիրը պետք է ավելի ցինիկ դառնա` բառիս լավ իմաստով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հայտնի քաղաքագետ, Համաշխարհային անվտանգության ինստիտուտի (ԱՄՆ) ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նշենք, որ վերջինս Երևանում է, մասնակցում է այսօր մեկնարկած երկօրյա «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» գիտաժողովի աշխատանքներին:
Ի դեպ, Ն.Զլոբինն իր այն թեզը, որ Հայաստանը չպետք է այդքան կառչած լինի իր անցյալից, փոխարենը պետք է ապրի ներկայով ու պայքարի ապագայի համար, որի մասին նա բազմիցս է հայտարարել, կրկնեց նաև մեզ հետ զրույցում:
«Ինձ այնքան էլ դուր չի գալիս, որ հայերը շատ են կառչում պատմական որոշ հարցերից»:
Ի՞նչ ասել է `Հայաստանը պետք է ավելի ցինիկ դառնա: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը, քանի որ հարցի կոնտեքստում հենց հայ-ադրբեջանական, մեղմ ասած, բարդ հարաբերություններն են, ավելի ցինիկ է, հարցադրմանն ի պատասխան քաղաքագետը նշեց, որ դա իրոք այդպես է:
«Ու թեև Ղարաբաղյան հակամարտությունն ադրբեջանական կողմի համար ևս ծանր բեռ է, այդուհանդերձ Ադրբեջանն ավելի ռացիոնալ է սկսել նայել այս կյանքում, փաստորեն, ամենակարևորին` ներգրավվածություն գլոբալ հարցերում, մուտք միջազգային էներգետիկ շուկա, գլոբալ իմաստով «լավ» հարաբերություններ խոշոր խաղացողների հետ և այլն»:
«Իհարկե միանշանակ ասել, թե Ադրբեջանում այս ամենի գիտակցումը գերիշխող տենդենց է դարձել, չեմ կարող, բայց իմ կարծիքով նրանք այսօր ավելի շատ են առաջ նայում, քան որոշ ժամանակ առաջ»,-նշեց Panorama.am-ի զրուցակիցը:
Սակայն միևնույն ժամանակ նա ավելացրեց, թե վերը թվարկվածը համարել Ադրբեջանի ձեռքում իբրև հաղթաթուղթ` կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէր լինի, քանի որ իր իսկ խոստովանությամբ` նա չգիտի, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը:

No comments: