Tuesday, September 21, 2010

ԻՆՉՈՒ Է ՈՒՇԱՆՈՒՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 21-9-2010- ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը անցյալ շաբաթ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե Արտակ Նազարյանի մահվան դեպքով քննվում են բոլոր վարկածները, այդ թվում նաև սպանության վարկածը, սակայն միաժամանակ խոսեց քննչական որոշ գործողությունների մասին, որոնցից կարելի էր հետեւություն անել, որ խոսքն այս պահին քննվող ինքնասպանության հասցնելու վարկածին է վերաբերում:
Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրվել չորս անձի նկատմամբ: Գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և լիազորություններն անցնելու համար: Արտակ Նազարյանի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվում են նաև պարտադիր ժամկետային զինծառայողներ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանն ու Հարութիկ Կիրակոսյանը:
Խոսելով կալանքի տակ գտնվող երեք շարքային զինծառայողների մասին, Պն քննչական ծառայության պետն ասում է. “Նրանց գործողությունները, արարքները հիմնավորվել են նաև առերես հարցաքննություններով մյուս զինծառայողների հետ, և առայժմ ձեռքբերված ապացույցների հիման վրա առաջադրվել են նշված մեղադրանքները”:

Իսկ նշված մեղադրանքները վերաբերում են ինքնասպանության հասցնելու վարկածին: Ի դեպ, նշենք, որ մեղադրվող շարքային զինծառայողները, որոնց դեպքից հետո մոտ տաս օր “ռեժիմով” ծեծի են ենթարկել, չեն ընդունել իրենց մեղքը, ինչն այս դեպքում խիստ կասկածելի է դարձնում քննչական ծառայության պետի նշած առերես հարցաքննությունների արդյունավետությունը:

“Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ տղաս ծեծված ու կոտրվածքներով ինքնասպան է եղել”:

Արտակ Նազարյանի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումը շարունակում է ուշանալ, և այս հանգամանքը, կապված գործի օբյեկտիվ քննության հետ, խիստ մտահոգում է փաստաբան Սեդա Սաֆարյանին:

“Դատաբժշկական փորձաքննության ձգձգումը գործնականում երբևիցե չի հանգեցրել օբյեկտիվ եզրազհանգումների,- ասում է փաստաբանը,- սա այն եզակի դեպքերից է, երբ գործին տալիս են առանձնակի բարդություն և սրանով են փորձում արդարացնել ուշացումը”:

Հանցագործության բացահայտման դեմքը հանդիսանում է դատաբժշկական փորձաքննությունը, որով հնարավոր է վերականգնել գործի ու կատարվածի պատկերը, համոզված է փաստաբանը:

Թե ինչու է ուշանում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իր հարցազրույցում որևէ բացատրություն չտվեց նաև պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը. “Ցավոք սրտի, դեռևս դատաբժշկական փորզաքննության եզրակացությունը նախաքննության մարմինը չի ստացել”, ընդամենը փաստեց քննչական ծառայության պետը:

Մինչդեռ, ըստ փաստաբան Սեդա Սաֆարյանի, այլ գործերով, եթե քննչականի պետը ցանկություն է ունենում, փորձաքննության պատասխանը ողջամիտ ժամկետում ստանալու գրություն է գրում, որպեսզի պարզի ուշացման պատճառը. “Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործը գտնվում է հանրության և պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում, ինչպես իրենք են ներկայացնում”:

Թե որքանով է գործը գտնվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ինչպես ինքն է ասում, “անմիջական հսկողության” տակ` կերևա առաջիկայում, բայց որ այս գործի քննությունը գտնվելու է լրատվամիջոցների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպություննրի ուշադրության կենտրոնում, դա խոստանում ենք:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Մի շատ զավեշտալի պահ կա ՊՆ քննչական ծառայության պետի հետ Ազատություն ռադիոկայանի հեռարձակած հարցազրույցում, լրագրողը հարցնում է. “իսկ ինչու դեպքից անմիջապես հետո չի կնիքվել Արտակ Նազարյանի վարձակալած բնակարանը”, ինչին ի պատասխան Արմեն Հարությունյանը պարզաբանում է, որ քննությունն իրականացնող մարմինը դիտավորյալ չի կնիքել բնակարանը. “որպեսզի պահվի հսկողության տակ և օպերատիվ ճանապարհով պարզվի, թե անձանց ինչ շրջանակ է, որ հետաքրքրվում է և հնարավոր է մուտք գործել նշված բնակարան այնտեղից ինչ որ իրեր հանեն կամ դնեն”:

Այս կատարյալ աշխատանքի պատկերը լրացնում է լրագրողը` ներկայացնելով ռազմական ոստիկանության հաղրդագրությունը, որի համաձայն, այդ ընթացքում որևէ մեկը մուտք չի գործել բնակարան: Համաձայնեք, որ սա զավեշտ է: Իրականում հենց այդ “հսկողության” ժամանակ է անհետացել Արտակի օրագիրը, երեկոյան ժամերին վառվել տան լույսը, իսկ բնակարանի խուզարկության օրը քննիչ Սարգիս Մադաթյանը գրպանից հանել է բանալին, բացել դուռն այնպես, ինչպես կբացեր իր սեփական տան դուռը:

No comments: