Saturday, October 9, 2010

«ԻՍՐԱՅԵԼԸ ԹՈՂ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՄԵՆԱՄԵՐՁԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ»

Հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը
«ԱԶԳ», 09-10-2010- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը «Թուրք-ամերիկյան ռազմավարական գործակցություն. անցյալը, ներկան եւ ապագան» թեմայով ելույթ է ունեցել ամերիկյան վերլուծական կենտրոններից Փոթոմաք ինստիտուտում, ընդգծելով, որ Թուրքիան ժողովրդավարության եւ կայունության միջնաբերդ է տարածաշրջանում: Նա միաժամանակ անդրադարձել է այն կարեւոր դերին, որը Իրանի, Իրաքի հարցերում, արաբ-իսրայելական հակամարտությունում, ինչպես նաեւ Կովկասում, Բոսնիայում եւ Կիպրոսում, ըստ դեսպանի, կատարում է Թուրքիան:
Թանը ներկաներին հիշեցրել է նաեւ հարեւանների առկա խնդիրները «զրոյական մակարդակի» իջեցնելու Թուրքիայի դիրքորոշման մասին եւ դժգոհել Իսրայելից: Ինչպես հայտնի է, դեռեւս մայիսի 31-ին իսրայելական հատուկ ջոկատը, հարձակում գործելով Գազա մարդասիրական օգնություն տանող «Ազատության նավատորմիղի» վրա, թուրքական «Մավի Մարմարա» նավի տախտակամածում սպանել էր երկաթե ձողերով եւ կացիններով զինված 9 թուրք «հումանիստներին», որոնց հատուկ ջոկատայիններին ցուցադրած դիմադրությունը կարող էր նույնիսկ շարժել միջազգային ահաբեկիչների նախանձը:
Հարձակմանն ի պատասխան հունիսի 16-ին Թուրքիան վերջնագիր էր ներկայացրել, պահանջելով, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի եւ անհապաղ վերադարձնի առգրաված նավը: Պահանջների կատարման համար մեկ ամիս ժամկետ էր տրված: Թուրքական վերջնագրից ավելի քան 3,5 ամիս է անցել: Իսրայելն անգամ «Մավի Մարմարա» նավը չի վերադարձնում:
«Ազգը» դեռեւս հուլիսի 10-ի համարում գրել էր, որ Իսրայելն ի սկզբանե գերզգայուն է եղել զիջումների հանդեպ, կատարել Թուրքիայի պահանջներըՙ կնշանակի նախադրյալներ ստեղծել այլոց նոր պահանջների համար: Այլ կերպ, թուրքական պահանջներն արժանանալով արհամարհանքի, ընդամենը հանգեցրել են Թուրքիա-Իսրայել լարվածության հետագա սրմանը:
Դեսպան Թանի դժգոհությունը պայմանավորված է թուրքական պահանջների հանդեպ Իսրայելի արհամարհական վերաբերմունքով, ինչպես նաեւ թուրք-իսրայելական լարվածությունից բխող Վաշինգտոնի անհանգստությամբ:
Թերեւս պատահական չէ, որ ելույթում դեսպանը ուշադրություն է հրավիրել խաղաղ պայմաններում մեկ այլ պետության Թուրքիայի քաղաքացիներին սպանելու «աննախադեպ» փաստի վրա եւ ասել է. «Ավելի քան վատ է, երբ հարձակումը բարեկամն է իրականացնում: Չեք պատկերացնի, թե որքան շփոթվեցի, ստանալով հարձակման լուրը»: Թանը խոսել է նաեւ Իսրայելից ակնկալվող ներողության եւ փոխհատուցման մասին ու շարունակել. «Եթե Իսրայելը չհասկանա, որ տարածաշրջանում կորցնում է ամենամերձավոր բարեկամներից մեկին եւ համապատասխան վերաբերմունք չցուցաբերի, ապա անհնար է լինելու մեր հարաբերություններում նախկին մակարդակի վերականգնումը: Եթե բարեկամությունն անկեղծ է, ապա բարեկամները միմյանց պարտավոր են ճշմարտությունն ասել: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու իսրայելական կողմը մի մեծ խնդիր է սարքել ներողություն խնդրելը: Մինչդեռ հենց դա պետք է արվեր: Եթե Իսրայելն ընդուներ իր սխալը, հարցերն անհամեմատ հեշտ կլուծվեին»:
Վերջում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թանը ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման առումով առաջին քայլը պետք է կատարի իսրայելական կողմը, ներողություն խնդրելով ոչ ոք չի նսեմանում, եւ իրենք այդ քայլի առումով շարունակելու են համոզել Իսրայելին: Նա միաժամանակ ավելացրել է. «Եթե Իսրայելը ներողություն խնդրի, ապա այս միջադեպը այլեւս որպես «սեւ բիծ» չի մթագնի մեր երկու երկրների հարաբերությունները»:
Թանի խոսքերը հազիվ թե ի զորու լինեն համոզելու Իսրայելին, որ Թուրքիայից ներողություն խնդրի: Այդ մասին անկասկած քաջատեղյակ է նաեւ ինքըՙ Թուրքիայի դեսպանը: Ամենայն հավանականությամբ նրա խնդիրը ոչ այնքան Իսրայելի ներողությունն է, որքան ներողության Թուրքիայի ակնկալիքի հիշատակումը, որպեսզի թուրք-իսրայելական լարվածության եւ Վաշինգտոնիՙ այդ լարվածությունից բխող անհանգստության համար պատասխանատվությունը ընկնի իսրայելական, այլ ոչ թե թուրքական կողմի վրա:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: