Saturday, October 9, 2010

ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք ԵՆ, ԹԵ՞ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԹԻՐԱԽ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

«ԱԶԳ», 09-10-2010- Քեմալ Աթաթուրքի ժամանակակից Թուրքիան իբրեւ ազգային պետություն ստեղծվել է այլ ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում: Թեեւ 1915-23 թթ. հայերի հետ ցեղասպանության են ենթարկվել Պոնտոսի հույները, իսկ մնացածները փոխանակվել են Բալկաններում բնակվող մահմեդականների հետ, եւ քեմալականները էթնիկ եւ կրոնական խմբավորումների հետ նորաստեղծ թուրքական պետության հարաբերությունները կարգավորել են Հայկական հարցը հայերին բնաջնջելու միջոցով լուծելու իթթիհադական սկզզբունքով, բայց ապարդյուն:
Հակառակ Քեմալ Աթաթուրքի «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում» հանրահայտ ասույթին, Թուրքիայում հանրապետական կարգերի հաստատման առաջին իսկ օրից ապստամբել են ներկայումս երկրի բնակչության 1/4-ը կազմող քրդերը, իսկ ալավիները, որոնք ավելի քան 15 միլիոն են, ըմբոստացել են սահմանադրական իրավունքների ոտնահարման դրսեւորումների դեմ: Այդ ընթացքում հետզհետե ինքնագիտակցություն են ձեռք բերել լազերը, չերքեզները եւ այլ խմբավորումներ:
Վերջիններս բազմաթիվ ազգային միություններ են ստեղծել ինչպես Թուրքիայում, այնպես էլ եվրոպական այն երկրներում, որտեղ կան Թուրքիայի քաղաքացիներ: Հետզհետե նրանց են միանում նույնիսկ իսլամացած եւ մահմեդականացման միջոցով սիրահոժար թուրքացման ուղին բռնած մի քանի տասնյակ հազար վրացիներ: Այսպիսով, կատարելապես ձախողվել է բազմազգ երկրում ի սկզբանե դատապարտված միատարր «թուրք ազգ» կերտելու քեմալական ծրագիրը:
Ըստ երեւույթին այդ ծրագիրը իրականացման առումով մեծ հույսեր չէր ներշնչում թուրքական իշխանություններին, որ նրանք ազգային հայ, հույն, հրեա փոքրամասնությունների հետ հաշվեհարդարի են ենթարկել էթնիկ եւ կրոնական խմբավորումներին: Դա ընդամենը հանգեցրել է վերջիններիս ազգային ինքնագիտակցության ամրապնդմանն ու դավանանքի հողի վրա համայնքային ենթագիտակցությամբ թուրքերից տարանջատմանը: Դրանով միատարր «թուրք ազգ կերտելու» ծրագրին զուգընթաց ձախողվեց երկրի ոչ թուրք ժողովուրդներին այդ տարրի մեջ ձուլելու դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք աշխարհիկ եւ հանրապետական Թուրքիայի որդեգրած ազգայնամոլ քաղաքականությունը:
Ստեղծված իրավիճակում հայ, հույն, հրեա ազգային փոքրամասնությունների դավադրության որոնումների գծով մասնագիտացված թուրքական իշխանությունները, որոնք մինչ այդ վերջիններիս դիտարկում էին Թուրքիայի ազգային շահերի սպառնալիք, սկսեցին քրդերին պետության մասնատման, իսկ ալավիներինՙ թուրք ազգի միասնականության սպառնալիքը համարել:
Որքան էլ 99,9 տոկոսով մահմեդական լինի Թուրքիայի բնակչությունը, վերջին տասնամյակներում քաղաքական որոշ շրջանակներ, հատկապես «Մեծ միասնություն» եւ Ազգային շարժում կուսակցությունների գլխավորությամբ եւ իշխանությունների հավանությամբ, սկսել են խոսել երկրի քրիստոնեացման վտանգի մասին: Այսպիսով, Թուրքիայի ազգային շահերի համար հանկարծ լուրջ սպառնալիք են դարձել երկրում առկա մի բուռ բողոքականներ, որոնց անտանելի կացությունը «Բողոքականները սպառնալի՞ք են, թե՞ սպառնալիքի թիրախ երկրում» վերնագրով զեկուցագրում ամփոփել է Բողոքական եկեղեցիների միությունը:
Հոկտեմբերի 6-ին զեկուցագրին անդրադարձել է քրդական լրատվական գործակալության firatnews.com կայքէջը: Անդրադարձը ուշագրավ է հարցադրումներով եւ լրացնում է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների սահմանադրական իրավունքների ոտնահարման, նրանց նկատմամբ իրականացվող հալածանքների մասին մեր պատկերացումները, ուստի մասնավոր մոտեցում է պահանջում:

No comments: