Wednesday, October 27, 2010

ԾՈՒՂԱԿՈՒՄ ԱՌԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Աստրախանում այսօր, հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք հանդիպումն արդեն իսկ հայկական կողմի համար կարելի է համարել դիվանագիտական տեսանկյունից վնասաբեր, թեեւ հանդիպումն ինքնին դեռեւս չի սկսել: Բանն այն է, որ հերիք չէ, որ Ռուսաստանը հանդիպում էր նշանակել հոկտեմբերի 27-ին, ինչը Հայաստանի համար հասկանալի պատճառներով խորհրդանշական օր է, ընդ որում այդ բառի բացասական իմաստով, դեռ մի բան էլ պարզվում է, որ եռակողմ հանդիպումից առաջ Աստրախանում բացվելու է Հեյդար Ալիեւի հուշարձանը:

Ստացվում է, որ Իլհամ Ալիեւին հրավիրել են Հեյդար Ալիեւի արձանը բացելու, իսկ ընթացքում էլ մտածել են, որ լավ առիթ է եւ կարելի է Սերժ Սարգսյանին էլ հրավիրել, որ գա եւ մի եռակողմ հանդիպում տեղի ունենա: Իսկ Սերժ Սարգսյանն էլ բնականաբար չի մերժել Մեդվեդեւի հրավերը, որովհետեւ Ռուսաստանի նախագահի հետ եթե նույնիսկ խոսելն է նրա համար դժվար, ապա նրան մերժելն արդեն անհնար բան է: Եվ Սերժ Սարգսյանը բնականաբար ընդունել է հրավերը, չնայած հոկտեմբերի 27-ի զուգադիպությանն ու Հեյդար Ալիեւիչի արձանի բացման արարողությանը:

Հետաքրքիր է, եթե Հեյդար Ալիեւի արձանի բացումը չլիներ, արդյոք տեղի կունենար եռակողմ հանդիպումը, թե ոչ: Արդյոք այդ հանդիպման համար է բացվում արձանը: Այսինքն, արդյոք ռուսների համար Աստրախանի եռակողմ հանդիպումն այդքան կարեւոր էր, որ դրա համար որոշեցին Հեյդար Ալիեւի արձան բացել, որ Իլհամ Ալիեւին հրավիրեն եւ եռակողմ հանդիպում կազմակերպեն: Այդ դեպքում ինչու Աստրախանում: Արդյոք Աստրախանն էր իզուր արձան տեղադրելու ամենահարմար տեղը եւ մյուս քաղաքներում պարզապես անիմաստ արձանի տեղ չկար: Իսկ հնարավոր է արդյոք, որ Հեյդար Ալիեւի արձանով պարզապես փորձում են Իլհամ Ալիեւին մխիթարել ի փոխհատուցում իր համար ոչ այնքան մխիթարական բանակցային գործընթացի:

Երեւի թե էլի շատ հարցեր կան, կապված թե արձանի, թե եռակողմ հանդիպման, թե այդ հանդիպմանը արտաքին այդ ոչ այնքան բարենպաստ ֆոնի պարագայում` հոկտեմբերի 27 եւ Հեյդարի արձանի բացման օր, Հայաստանի իշխանության եռակողմ հանդիպմանը մասնակցելու համաձայնության հետ կապված:

Կամ Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանը գործնականում անկարող է որեւէ դեպքում մերժել ՌԴ այդօրինակ նախաձեռնությունները կամ դրանցում սեփական ուղղումները մտցնել, ասենք ասելով, թե այս օրը կամ այս պահը իր համար ցանկալի չէ զուտ քաղաքական, դիվանագիտական, ի վերջո ազգային արժանապատվության նկատառումների տեսանկյունից, կամ էլ նա հավաստիացել է, որ այդ արտաքին ատրիբուտներն ընդամենը Իլհամ Ալիեւին հանդիպման բերելու եւ հանդիպման ընթացքում ծուղակը գցելու համար են:

Փաստն առայժմ այն է, որ հանդիպման կազմակերպական ֆոնի առումով, ծուղակում առայժմ Հայաստանն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: