Thursday, October 21, 2010

«ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՎ ԴԻՄԱՆԿԱՐԸ...»

«ԱԶԳ», 21-10-2010 - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլխան Փոլուխովը, որին հայրենիքում կասկածում են «ջհուդամասոնականության եւ երկրի արտաքին քաղաքականությունը վտանգելու» մեջ, եւս մեկ անգամ «մտքի պայծառության» պահ է ունեցել. նա հանկարծ հիշել է Սադդամ Հուսեյնին: Փոլուխովն, իհարկե, իրաքյան բռնապետի մասին դատողություններ է արել ՀՀ արտաքին քաղաքականության «գնահատման» կոնտեքստում, բայց մարդիկ երբեմն ասում են բաներ, որոնց սեւեռված են լինում սեփական ճակատագրի մտահոգությամբ:
Թեեւ «ամեն մի համեմատություն կաղում է», բայց սա այն դեպքն է, երբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, գուցե ենթագիտակցաբար, բայց շատ նրբորեն ընդհանրություն է տեսել իր երկրի առաջնորդի եւ իրաքյան մոլագարի միջեւ:
Չէ՞ որ Սադդամն էր Մերձավոր Արեւելքն ու ամբողջ աշխարհը ահաբեկում սպառազինությունների կատաղի մրցավազքով: Չէ՞ որ նա էր իրաքյան նավթի վաճառքից գոյացած գումարները գրեթե լիովին ուղղում «բանակաշինության» եւ «ազգային ոգու բարձրացման» գործին:
Իրաքյան բռնապետն էր, որ զանգվածային հոգեգարության էր մատնել հպատակներին: Սադդամի արձաններն էին Իրաքում ամենուր հիշեցնում, թե «ում են պարտական սոսկական մահկանացուներն իրենց երջանկության համար»: Եվ Սադդամն էր, որ կեղծավորաբար ասկետություն էր քարոզում, բայց միլիարդավոր դոլարների հարստություն ուներ արտերկրի բանկերում: Վերջապես, նա էր, որ Իրաքի ազգային փոքրամասնություններին ենթարկել էր ցեղասպանության եւ բռնաճնշում էր նրանց իրավունքները:
Նույն կերպ Իլհամ Ալիեւն է մարդկանց թշվառություններն անտեսած` տարեցտարի ավելացնում ռազմական ծախսերը: Նա է ամեն օր խոսում «սրբազան պաատերազմի իրավունքից»: Ադրբեջանում է, որ ամեն քայլափոխի հառնում է «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի» արձանը, որին հպատակները պարտադրված են անմռունչ խնկարկել: Եվ Իլհամ Ալիեւն է, որ կոչ է անում «զենքով լուծել ԼՂ հարցը», իսկ երկրի էթնիկ փոքրամասնություններին պարտադրում իրենց համարել «միասնական ադրբեջանական ժողովրդի մաս»: Նա է, որ մանկահասակ որդու անունով հարյուրավոր միլիոն դոլարների սեփականություն է գնել Դուբայում: Ալիեւների ընտանիքն է, որ կառավարում է երկրի ամբողջ ազգային հարստությունը:
Նմանություններն, ինչպես տեսնում ենք, բավական ընդգծվում են, եթե, ի վերջո, նաեւ նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի ռազմատենչ մոլագարությունը սպառնալիք է ոչ միայն իր երկրի եւ ժողովրդի, այլեւ ամբողջ Հարավային Կովկասի, թերեւս նաեւ ամբողջ աշխարհի համար:
Ադրբեջանցիները մի խոսք ունեն. «Գժից ճշմարտություն լսեցինք»: Էլխան Փոլուխովն, ահա, այն «գիժն» է, որ միջազգային հանրությանը հասկացրել է, թե ինչ է սպասվում, եթե վերջինս ժամանակին չվերանայի Ադրբեջանի հանդեպ իր քաղաքականությունը:
Իսկ գուցե ադրբեջանական ընդդիմությունը ճի՞շտ է ասում, եւ Փոլուխովն իրոք այլ երկրների շահե՞ր է սպասարկում: Բայց դա արդեն Իլհամ Ալիեւի խնդիրն է: Չէ՞ որ ամեն ինչից զատ նա պետության ղեկավար է համարվում, եւ սահմանադրությամբ նրան է «պատկանում գործադիր իշխանությունը», որի մի գերատեսչության պատասխանատուներից է Էլխան Փոլուխովը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: