Thursday, October 21, 2010

Լիբանանում մահափորձ էին ծրագրել Ահմադինեժադի դեմ

Լիբանանում պատրաստվում էին սպանել Իրանի նախագահին։ Այս մասին գրում են իսրայելական ԶԼՄ-ները։ Լիբանանյան հետախուզությունը կանխել է անցյալ շաբաթ Լիբանան կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ մահափորձը։
Քուվեյթի «Ա-Սիասա» հրատարակությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնում է, որ Ահմադինեժադը Բինտ Ջբել գյուղ է մեկնել երկու ժամ ուշացումով, քանի որ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկություն էր ստացվել։
Վարչապետ Սաադ Հարիրիի կողմից իր պատվին տրված ճաշից հետո Ահմադինեժադն արագընթաց մայրուղով ուղևորվել է Լիբանանի հարավ։ Սակայն ճանապարհին թիկնապահները կարգադրել են վերադառնալ Բեյրութ հատուկ պահակախումբ ստանալու համար։
Ավելի ուշ պարզվել է, որ լիբանանյան բանակը կասկածելի շարժ է նկատել մայրուղու վրա, որով շարժվել է Իրանի նախագահի ավտոշարասյունը։ Ավելի ուշ հավաստի տեղեկություն է ստացվել նախապատրաստվող հարձակման մասին։
Չնայած լիբանանյան իշխանությունները փորձել են համոզել նրան հրաժարվել Հարավային Լիբանան այցելելուց, Ահմադինեժադը համառել է, և երբ շրջակա տարածքը մանրազնին ստուգվել է, ուղևորվել է Բինտ Ջբել։
Առայժմ հայտնի չէ, թե ով է ծրագրել Իրանի նախագահի վրա հարձակումը, և այդ գործով ոչ ոք չի ձերբակալվել։

No comments: