Tuesday, October 12, 2010

ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ

«Լրագիր» 12-10-2010- Հայկական դիվանագիտության վերջին տարիների գլխավոր ձեռքբերում է համարվում նախագահների ու ԱԳ նախարարների քանակը, ովքեր այցելում են Հայաստան: Նախագահներն ու նախարարները ժամանում են, ինչ որ բան ստորագրում, մեկնում, իսկ հայերին մնում են ճանապարհների խցանումները:
Այսօր Բաղրամյան փողոցում հազարավոր մարդիկ ստիպված էին առավոտն անցկացնել խցանման մեջ Սլովենիայի նախագահի այցի կապակցությամբ: Նրա այցից որեւէ օգուտ շարքային քաղաքացուն չկար, եւ այցը դարձավ ընդամենը հայկական դիվանագիտության “խնայատուփի” մի մասը, իսկ մայրաքաղաքի բնակիչները փնովում էին հյուրին այն բանի համար, որ նրա պատճառով ստիպված էին խցկված մնալ տրանսպորտում:
Սլովենիայի նախագահն, իհարկե, մեղավոր չէ: Մեղավոր են նրանք, ովքեր արտասահմանցի հյուրի ցանկացած այց, հայկական պաշտոնյայի ավտոշարասյան անցում, եւ կամ ցանկացած վթար վեր են ածում տրանսպորտային կոլապսի: Այնպիսի զգացողություն է, կարծես ճանապարհային ոստիկանությունը զբաղված է ոչ թե հասարակական տրանսպորտի կարգավորմամբ, այլ բարձրաստիճանների պաշտպանությամբ, շարքային քաղաքացիներից: Թերեւս, շատերն են լսել, թե ինչ տոնով է բղավում ճանապարհային ոստիկանը, երբ անցնում է նախագահի շարասյունը: Է, թող անցնի, ում ինչ գործն է: Բայց ոչ, ժողովուրդը պետք է իմանա, որ անցնում է նախագահը, եւ նրա “կոմֆորտի” համար հազարավոր մարդիկ պետք է կանգնեն խցանման մեջ:

Հասկանալի է, որ կա արարողակարգ, կան կանոններ, սակայն խնդիրը դրանց մեջ չէ, այլ մարդկանց խնդիրների հանդեպ իշխանության, ոստիկանության վերաբերմունքի մեջ: Նրանք չեն հարգում մարդկանց, նրանք չեն գիտակցում, որ աշխատավարձ են ստանում այն բանի համար, որպեսզի ապահովեն նորմալ երթեւեկություն: Այդ պատճառով էլ չեն մշակվում նոր, ավելի հարմար երթուղիներ: Արդեն վաղուց գործում են նոր ճանապարհներ, սակայն դրանցով չկա հասարակական տրանսպորտ, թեեւ դա կբեռնաթափեր երթեւեկությունը կենտրոնում: Եւ դա այն պատճառով, որ պաշտոնյա-գծատերերը թույլ չեն տալիս:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: