Saturday, November 5, 2011

Դաշնակցությունը մի քիչ ուշացել է

«Լրագիր» 4-11-2011- ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ըստ Երկիր Մեդիա հեռուստաընկերության, հայտարարել է, որ “սա նոնսենս է եւ ոչ մի ուրիշ երկրում նման բան տեղի չի կարող ունենալ”: Արմեն Ռուստամյանի կարծիքով, տարօրինակն այն է, որ հրաժարականների պատճառների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տրվում եւ հնչում են հայտարարություններ միայն “ավելի լավ աշխատանքի անցնելու” մասին:
Արմեն Ռուստամյանն իհարկե իրավացի է: Որեւէ երկրում բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի դեպքում պետք է տրվի նրա գործունեության քաղաքական գնահատականը, եթե հարկ է՝ նաեւ իրավական գնահատականը եւ ըստ այդմ տեղի ունենա պաշտոնանկություն, դրանով նախապես դնելով հաջորդ պաշտոնյայի աշխատանքի պատասխանատվության հստակ հիմքերը:
Բայց, այդ տեսանկյունից, Դաշնակցությունը կարծես թե մի փոքր ուշ է անդրադառնում արատավոր պրակտիկային, երբ իշխանությունը պարտադիր չի համարում հանրությանը քաղաքական եւ իրավական բացատրություններ տալը:
Բանն այն է, որ Դաշնակցությունն այդ հարցը պետք է թերեւս բարձրաձայներ դեռեւս 1998-ին, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում ՀՅԴ շատ գործիչներ ազատվեցին բանտից: Նրանց ազատումն էլ հանրությանը կարծես թե չմատուցվեց քաղաքական, եւ առավել եւս տվյալ ժամանակի համար իրավական բացատրությամբ կամ մեկնաբանությամբ: Կարծես թե ընդամենը հայտարարվեց, որ ազատությունը “իրավիճակի փոփոխության արդյունքում” է տեղի ունենում:
Շատ լավ էր, որ քաղաքական շարժառիթներով դատապարտված ՀՅԴ-ական գործիչների մի զգալի մասը հայտնվեց ազատության մեջ, բայց Դաշնակցությանը թերեւս հարկ էր դեռ այն ժամանակ մտածել պետական ընթացքի մասին, եւ իշխանությունից պահանջել, որ տրվի իր գործիչների ազատ արձակման իրավական եւ քաղաքական մեկնաբանություն:
Ավելի քան 100-ամյա բազմազան փորձառությամբ, տարբեր բարդ իրավիճակներում հայտնված եւ կոփված կուսակցությունը թերեւս պետք է չմոռանար այդ մասին եւ բարձրացներ հարցը ժամանակի իշխանության առաջ, բացի ազատությունը վայելելուց:
Միգուցե դրանով Դաշնակցությունն իր լուման բերեր երկրում իրավիճակի փոփոխության որակի հարցում, ինչը կարող էր դեռեւս այդ ժամանակից բացառել իշխանության ստվերային գործունեության բնույթը, եւ ներկայում մենք չէինք ունենա այնպիսի հրաժարականներ, որոնք Դաշնակցության զարմանքն ու տարակուսանքն են հարուցում:
Չէ որ այժմ էլ փաստացի գործ ունենք, եթե ոչ բառացի, ապա իմաստային եւ տրամաբանության առումով, համանման իրողության հետ՝ հրաժարականներ “իրավիճակի փոփոխության արդյունքում”: Պարզապես այն “իրավիճակի փոփոխությունը” գոհացնում էր Դաշնակցությանը, իսկ իրավիճակի այս փոփոխությունը՝ կարծես թե անհանգստացնում:
Ինչ խոսք, լավ է ուշ, քան երբեք, ու կարեւոր է, որ Դաշնակցությունը ներկայում մեկն է այն ուժերից, որոնք բարձրացնում են հանրության առաջ իշխանության իրավա-քաղաքական պատասխանատվության, հրապարակային քաղաքականության հարցը:
Մնում է հետեւել, թե խորհրդարանի ընտրությունից հետո Դաշնակցությունը որքանով կմնա այդ սկզբունքային դիրքերի վրա: Բանն այն է, որ վերջին տարիներին ՀՅԴ քաղաքական գործունեությունը ոճական հետաքրքիր դրսեւորումներ է ունենում, եւ ընտրությունից առաջ ու հետո կարծես թե տեղի են ունենում հռչակված սկզբունքների եւ պրակտիկ գործունեության կտրուկ տատանումներ:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: