Saturday, October 9, 2010

Իրանի խորհրդարանի նախագահն այցելել է պատմության թանգարան

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի ուղեկցությամբ hոկտեմբերի 9-ին այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Պատվիրակության անդամները շրջել են Հայաստանի ազգային պատկերասրահում, ուր նրանց ներկայացվել են ցուցանմուշներ եւ մանրամասներ հայ արվեստի պատմությունից:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են որ այնուհետեւ ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երեւանի պետական Տնտեսագիտական համալսարան` հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Ողջունելով ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Նա նշեց, որ Իրանը այն երկրների թվին է դասվում, որը ապասատան է տվել 1915 թ. եղեռնից մազապուրծ մեր հայրենակիցներին: ԵՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը, ԵՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում:

ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր խոսքում կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում առկա առաջընթացը եւ այն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Պարոն Լարիջանին անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ փոխգործակցության խորացումը` շեշտելով երկու պետությունների բարեկամական հարաբերությունների կարեւորությունը նաեւ տարածաշրջանային առումով: ԻԻՀ խորհրդարանի նախագահը նպաստավոր համարեց Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ծրագրերը` հավաստիացնելով, որ ամեն ինչ կարվի այդ ծրագրերը իրականացնելու համար:

No comments: