Saturday, October 9, 2010

Անկարա. Թուրքիայում 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելը հանցանք չէ

Tert.am. 9-10-2010- Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն անվանելը հանցանք չէ: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում «Հարցերով արտաքին քաղաքականություն» խորագրով հրապարակված նյութում:
Հարց ու պատասխանի տեսքով ներկայացված տեքստում Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանում է Իսրայելին, Իրանի միջուկային խնդրին, Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK), հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանն ու մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցերին:
«Արդյո՞ք Թուրքիայում հանցանք է դիտվում 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն անվանելը և արդյո՞ք դա քրեորեն հետապնդվում է» հարցին ի պատասխան` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է.
«Կարելի է ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որտեղ ազատորեն քննարկվում են 1915թ. իրադարձությունները: Իրականությանը չեն համապաատսխանում այն պնդումները, թե Թուրքիայում որոշ մարդիկ այդ առնչությամբ քրեորեն հետապնդվել են Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով, քանի որ ոչ ՔՕ 301-րդ հոդվածը, ոչ էլ որևէ այլ հոդված չեն պարունակում «Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը» քրեականացնող դրույթներ: Բացի այդ, Թուրքիայում հնարավոր չէ գտնել մեկին, ով դատապարտված կլինի 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու համար:
Մյուս կողմից, հակառակ մի շարք պետությունների, որտեղ գործում են «Ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող» օրենքներ, Թուրքիայում վաճառվում և հրապարակվում են այնպիսի գրքեր և հոդվածներ, որոնցում 1915թ. իրադարձությունները ներկայացվում են որպես Ցեղասպանություն: Դրանից բացի, այդ գրքերի շարքում կարելի է գտնել այնպիսի աշխատություններ, որոնք զուտ գիտական աշխատություն լինելուց բացի իրենցից ներկայացնում են քարոզչական նյութ:
Հակառակ Թուրքիայում առկա ազատության մթնոլորտին` մի շարք եվրոպական երկրներում, որոնց թվում կան նաև ԵՄ անդամ պետություններ, Ցեղասպանության ժխտումը դիտվում է որպես հանցանք, ինչի պատճառով մեր քաղաքացիները քրեորեն հետապնդվում են: Մենք ցավով ենք ընդունում հայկական Սփյուռքի ծայրահեղական հատվածների կողմից ուղղորդվող այդ նախաձեռնությունները, որոնք խոչընդոտում են նաև 1915թ. տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման համար ազատ միջավայրի ձևավորումը»:

No comments: