Tuesday, October 26, 2010

Մահմուդ Ահմադինեժադ. Հայաստանի առաջընթացն Իրանի ժողովրդի առաջընթացն է

Panorama.am. 26-10-2010- Իրանի և Հայաստանի հարաբերություններում առկա համերաշխությունն ու կապվածությունը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Իրանի ժողովուրդը միշտ պատրաստ է իր փորձն ու կարողությունները տրամադրել բարեկամներին, քանի որ նրանց առաջընթացը համարում է իրենը:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Թեհրանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Առևտրի, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում համատեղ ներդրումներն ու համագործակցության մեծացումը տարածաշրջանի ազգերի համար կապող օղակ կարող է հանդիսանալ և նման համագործակցության ծավալները որքան մեծանան, ժողովուրդների միջև առկա հարաբերություններն այնքան հարատև կլինեն»,- նշել է Իրանի նախագահը:

Ահմադինեժադի խոսքով` տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց կարիքն ունեն, ուստի տարբեր ոլորտներում համագործակցության մեծացումը կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն համանման կարծիք և հույս է հայտնել, որ տնտեսական հարաբերությունների մակարդակն ավելի կբարձրանա, ինչպես առկա է քաղաքական և մշակութային հարաբերություններում, նկատելով, որ Հայաստանը նպատակ ունի օգտվել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի համագործակցության բոլոր հնարավորություններից:

No comments: