Friday, October 1, 2010

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸՙ Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ»

«ԱԶԳ», 01-10-2010- Թուրքիայում անցկացված հանրաքվեի կապակցությամբ ռուսաստանյան մի լրատվամիջոց իր սեփական հոդվածի համար որպես վերնագիր փոխառել էր արեւմտյան թերթերից մեկում արտահայտված այս հոռետեսական միտքը: Ակնհայտ է, որ երկրի սահմանադրության նորացումը էապես կազդի ու կփոխի աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը հատկապես Արեւմտյան ու Կենտրոնական Եվրասիայում, ու դա չի կարող արձագանք չգտնել Ռուսաստանում:
Ըստ էության այստեղ չեն կարող «չհամակրել» Թուրքիայի արտաքին քաղաքականության վերակողմնորոշումըՙ նվազ միտված ԱՄՆ-ին: Եվ ինչքան շատ է Թուրքիան հեռանում իր այդ կուրսից (տվյալ դեպքումՙ ամերիկամետ բանակի դերի նվազեցումով), այնքան ավելի են բարելավվում նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ինչն է այստեղ առանձնացվում առաջին հերթին: Տանելով խոշոր հաղթանակ, վարչապետ Էրդողանը իր կառավարող իսլամամետ կառավարությամբ կարող է կանխորոշել երկրի էվոլյուցիան, անզիջում պայքար մղելով Թուրքիայի զարգացման իրենց նախընտրած մոդելի եւ աշխարհում նրա տեղի համար:
Թուրքիայի նորացվող սահմանադրությունը հայացքը հառել է Եվրոմիությանը: Սակայն Ռուսաստանում համոզված են, որ առանց այն էլ սրընթաց իսլամացվող քրիստոնեական հանրակցությունը հազիվ թե ցանկանա իր շարքերն ընդունել սեփական աշխարհաքաղաքական ու մշակութային ինքնությունն ունեցող 72 միլիոնանոց մուսուլմանական երկրին: Հիշատակվում է, որ ծայրահեղ դեպքում եվրոպացիները թուրքերին կհիշեցնեն նաեւ հայերի ցեղասպանության չճանաչումը եւ համառությունը Կիպրոսի միավորման հարցում:
Այս ամենը վերհիշվեց մի նկատառումով: Թուրքիայի հետագա իսլամացման իմաստով Ռուսաստանի համար շատ ավելի հրատապ է խնդրի մի ենթատեքստը: Մի քանի ամիս առաջ տեղի լրատվամիջոցները հրապարակել էին արդիականության 500 աչքի ընկնող մուսուլմանների ցուցակը, որ կազմել էին ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանը եւ Հորդանանի իսլամական հետազոտությունների թագավորական կենտրոնը: Այդ ցուցակում 20 հոգի թուրք էին: Ահա եւ հանրաքվեի կապակցությամբ վերհիշվեց այդ ցուցակը: Ընդ որում, դրանց մեջ ռուս փորձագետները առանձնացնում են ոչ թե թուրք ճանաչված քաղաքագետներին կամ հասարակական գործիչներին, այլ հոգեւոր կրոնական գործիչներին: Կարեւորվում էր այդ անձանց կրոնական լուսավորական գործունեությունը, ինչի քաղաքական միտվածությունը բացահայտ է: Լինելով Էրդողանի համախոհները ու հաճախ էլ գործակիցները, նրանք մեծ դեր են խաղացել իսլամիզմի գաղափարախոսության արդիականացման մեջՙ այն արմատականությունից «չափավորի» վերածելու գործում: Եվ այդ պարագան անմիջական դեր է խաղացել Թուրքիայում իշխանության համար մղվող պայքարում, բնական էՙ հօգուտ Էրդողանի, ի վնաս Աթաթուրքի ժառանգության:
Հիշյալ անձինք գլխավորում են խոշորագույն իսլամիստական կազմակերպություններ, որոնք աչքի են ընկնում մեծ կազմակերպվածությամբ եւ տնօրինում են հսկայական նյութական միջոցների: Դրանցից մեկի «բյուջեն», օրինակ, կազմում է 25 միլիարդ դոլարՙ տարեկան միլիարդավոր դոլարների շրջանառությամբ: Միաժամանակ լինելով էլեկտրոնային-տեղեկատվական յուրօրինակ կայսրություններ, դրանք հսկայական հնարավորություններ ունեն միլիոնավոր դոլարներ ծախսելով գնելու յուրաքանչյուրի եւ ամեն ինչ, մղելու հարձակողական քարոզարշավներ, գաղափարական դիվերսիաներ: Եվ հենց այստեղ էլ ռուսները ուշադրություն են հրավիրում դրանց գործունեությանը Թուրքիայի սահմաններից դուրս, տվյալ դեպքումՙ բուն Ռուսաստանում:
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում կան բավականին ազդեցիկ ուժեր, որոնք հարում են պանթուրքիստական, պանիսլամական տրամադրություններն ու նկրտումներին: «Թուրքիան պատմության ամենահնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգորդն է, Կովկասը եւ Միջին Ասիան Թուրքիայի ստրատեգիական ժառանգությունն են, Ռուսաստանը եւ այլ արտաքին ուժեր փորձել են նվաճել օսմանյան պատմական հողերը, հաստատել իրենց իշխանությունը, սակայն նրանք անկարող եղան խաղաղություն ու հանգստություն բերել նախկին օսմանյան տարածքներին», այս կարգի քարոզչությունը, որ Ռուսաստանում վարում են թուրքական կրոնական միավորումները, բարեբեր հող է գտնում երկրի մուսուլմանաբնակ տարածաշրջաններում: Ռուսաստանում գործող թուրքական ուսումնական (կրոնական) հաստատություններում որպես «աղոթք» տարփողվում է թուրք-իսլամական միություն ստեղծելու գաղափարը: Այս թեմայով շատ նյութեր ինտերնետում հրապարակվում են ռուսերեն: Համառ քարոզչություն է մղվում Բալկանների, ԱՊՀ-ի, Ռուսաստանի թյուրքերին հիշյալ միության, թուրք-իսլամական բարոյական արժեքների ներքո միավորելու համար, հասկանալի էՙ Թուրքիայի ղեկավարությամբ: Այդ միավորման խնդիրներից է հիմնավորապես խարխլել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում եւ բացել թուրքական աշխարհի ճանապարհը դեպի համաշխարհային առաջնորդություն:
Վերջերս Մոսկվայի քաղաքային իշխանությունները որոշում ընդունեցին քաղաքի շրջաններից մեկում հերթական մզկիթ կառուցելու մասին: Հարցը քաղաքական հնչեղություն ստացավ եւ առաջ բերեց խոր դժգոհություններ: Բանն այն է, որ այդ թաղամասի բնակիչները մինչ այդ դիմել էին այդ նույն վայրում ուղղափառ եկեղեցի կառուցելու խնդրանքով եւ մերժում էին ստացել: Հատկապես Ռուսաստանի մայրաքաղաքում մզկիթներ բացելու խնդրում թուրքերը մեծ ակտիվություն են դրսեւորում: Վերոնշյալ կրոնական պարագլուխները այդ երկրում աշխատող բիզնեսմեններին (իսկ Ռուսաստանում շատ են թուրքական շինարարարական, առեւտրային եւ այլ խոշոր ընկերությունները) կոչ են անում ամեն ինչ անելՙ միջոցներ ներդնել «օսմանյան քաղաքակրթության վերականգման համար»: Իսկ մզկիթը ամենահարմար վայրն է:
Ռուսները հասկանում են, որ Թուրքիայի իսլամացման ուժեղացումը եւ դրա արտաքին նվաճողականությունը իրական սպառնալիք են իրենց երկրի ազգամիջյան ու միջկրոնական կայունության եւ, առանց չափազանցության, երկրի տարածքային ամբողջականության համար: Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանում արգելում են այս կամ այն թուրքական «ուսումնական» հաստատության գործունեությունը, սակայն դա թուրքերին չի կանգնեցնում: Նպատակը մեկն է. «Անկախ դարձած թյուրքական հանրապետությունները, ողջ թյուրքական աշխարհը անձկությամբ են սպասում Թյուրքական Միության ստեղծմանը, որի մեջ մտնեն Բալկանները, Մերձավոր Արեւելքը, Կովկասը, Միջին Ասիան, Չինաստանը: Դրա շնորհիվ վերջ կդրվի իրավազրկությանն ու անարդարությունը, այն խաղերին, որ նյութում են հայտնի ուժերը»:
ԴԱՆԻԵԼ ԴԵՔՔԵՐ, Թարգմ. Ռ. Հ.

No comments: