Wednesday, November 24, 2010

Անկախությունից ի վեր ավելի քան 1300 հայաստանցի կրթաթոշակ է ստացել եւ կրթվել Գերմանիայում

News.am. 24-11-2010- Հայաստանի Ազգային ժողովի համար ուսանելի է ժողովրդավարական հին ավանդույթներ ունեցող Բունդեսթագի փորձը: Նոյեմբերի 24-ին Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար տիկին Սիմոնե Շյուտցեի եւ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբյանը կարեւորել է այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին եւ երիտասարդներին իրենց փորձառությունը Գերմանիայի Բունդեսթագում անցկացնելուց հետո այն գործնականում կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններում:
Նա տեղեկացրել է, որ նախկին եւ այս տարվա ընտրված կրթաթոշակակիրների` ԱԺ-ում ուսումնական պրակտիկա անցնելու հարցը քննարկել է ԱԺ նախագահի հետ եւ առաջիկայում կրթաթոշակակիրներին հնարավորություն կտրվի առավել հանգամանալից ծանոթանալու Հայաստանի ԱԺ գործունեությանն ու անցուդարձին:
Զոհրաբյանը հույս է հայտնել նաեւ, որ Գերմանիայում իրենց փորձառությունն անցնող կրթաթոշակակիրները ակտիվորեն կհամագործակցեն նաեւ Պոտսդամում Լեփսիուսի անունը կրող գերմանահայկական հետազոտությունների կենտրոնի հետ: Ի դեպ, կարեւորելով կրթաթոշակիրների խնդիրը` տիկին Զոհրաբյանը նշել է, որ անկախությունից ի վեր ավելի քան 1300 հայաստանցի կրթաթոշակներ են ստացել գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունից, ինչը, ըստ նրա, իրապես գնահատելի է: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ծրագրին վերաբերող բոլոր առաջարկները կներկայացնի ԱԺ նախագահին:

No comments: