Tert.am. 24-11-2010- Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական միության նախագահությունը` հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:
Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:
Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում և Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև հայ և հունգարացի զինվորների հուշարձանին:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 25-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment