Tuesday, November 9, 2010

Սեյրան Օհանյան. Որակական առումով մենք հակառակորդի զինված ուժերի նկատմամբ ունենք գերազանցություն

News.am. 8-11-2010- «Այսօր մենք առանց մի որեւէ երրորդ ուժի կամ ուժերի հավասարակշռության, ոչ թե քանակական, այլ որակական ու մարտական ոգու շնորհիվ է, որ կարողանում ենք ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում պահպանել հրադադարը եւ եթե լինում են ինչ-որ սադրանքներ, ապա արժանի հակահարված տալ»,- այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «հ1»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը մշտապես հպարտանում է իր ռազմական բյուջեի թռիչքաձեւ աճով:
«Ադրբեջանի ղեկավարությունն այսօր սպառազինությունների քանակական ավելացումների շնորհիվ փորձում է հասնել ինչ-որ առավելության մեր զինված ուժերի նկատմամբ, բայց դրանք չեն այն կարեւոր հատկանիշները, որոնք բերում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, որովհետեւ առաջին հերթին կան հակազդող շատ մեթոդներ ինչպես դասական, այնպես էլ ասիմետրիկ, որոնք կբերեն նրան, որ մենք կչեզոքացնենք նրանց հնարավորությունները»,- նշել է նախարարն ու հավելել. «Մեր զինված ուժերի մարտական պատրաստության, պատրաստականության, ընդհանուր առմամբ` պաշտպանական բարեփոխումների ողջ ընթացքը, բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաեւ միջազգային խնդիրների կատարման` մեր պատասխանատու մոտեցումները խոսում են նրա մասին, որ մենք հակառակորդի զինված ուժերի նկատմամբ ունենք գերազանցություն: Դրան նպաստում է նաեւ այն, որ բարձր է մեր զինծառայողների մարտական ոգին: Նորից եմ ուզում կրկնել` հատկապես առաջին գծում, որովհետեւ մենք մեր երկիրն ենք պաշտպանում, մենք մեր հայրենի հողն ենք պաշտպանում, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր ժողովրդի այսօրվա անվտանգությունը պատշաճ մակարդակի լինի, եւ նրանք կարողանան իրենց խաղաղ արարումն իրականացնել»:

No comments: