Wednesday, November 24, 2010

Ադրբեջանում իրականացվել է մարդկային օրգանների անօրինական տրանսպլանտացիա

Diplomat.am. 24-11-2010- Ադրբեջանի միջազգային համալսարանին կից բժշկական կենտրոնում իրականացվել է մարդկային օրգանների անօրինական տրանսպլանտացիա:
Այդ մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
ԱՀ գլխավոր դատախազության և ՆԳՆ համատեղ հայտարարության մեջ ասված է, որ մարդկային օրգանների անօրինական տրանսպլանտացիայի կապակցությամբ Ուկրաինայի իրավապահ մարմինների՝ օգնություն ցուցաբերելու մասին դիմումի հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը համատեղ հետաքննություն են անցկացրել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ուկրաինայի քաղաքացիներից բաղկացած խումբը, հանցավոր կապի մեջ մտնելով, 2009 թվականի ընթացքում Ադրբեջան բերել է տարբեր երկրների քաղաքացիների, որոնց երիկամների վրա ուկրաինացի բժիշկները Ադրբեջանի միջազգային համալսարանին կից բժշկական կենտրոնում անօրինական վիրահատություն են կատարել:

Կենտրոնի աշխատակիցները պայմաններ են ստեղծել՝ նման 10 վիրահատություն կատարելու համար, որոնց ժամանակ Ուկրաինայից բերված դոնարների երիկամները փոխպատվաստել են արտասահմանյան քաղաքացիներին:

Համապատասխան գրանցում չկատարելով, նրանք մեծ գումարներ են ստացել յուրաքանչյուր վիրահատության դիմաց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը շարունակվում է:

No comments: