Wednesday, November 24, 2010

Իշխանական պայքար` Ադրբեջանի նախագահի աշխատակազմում

Panorama.am. 24-11-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածաշրջանային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքների բաժնի պետ Զեյնալ Նաղդալիևը իր շրջապատում հայտարարել է, որ իր շեֆը` Ռամիզ Մեհդիևը, շուտով նշանակվելու է Հեյդար Ալիևի կենտրոնի ղեկավար, իսկ ինքը նշանակվելու է նրա պաշտոնում: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:
«Նախագահի աշխատակազմում շուտով լուրջ կադրային փոփոխություն է տեղի ունենալու: Այդ փոփոխության հիմնական հերոսն էլ ես եմ լինելու: Ես շուտով նշանակվելու եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի պաշտոնում: Հարցն արդեն լուծված է և ես սպասում եմ երկրի առաջին դեմքի վերջնական որոշմանն ու համապատասխան հրամանին»,- ասել է նա:
Այս լուրը պարբերականին փոխանցել է իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրն ասել է, թեև գործընթացը գաղտնի է տարվում, Զ. Նաղդալիևը իր համար հավաքած «ստվերային կաբինետի» ամբողջ կազմին հայտնել է, որ 2013 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի աշխատակազմն ինքն է ղեկավարելու: Աղբյուրի խոսքով, Զ. Նաղդալիևը իր նեղ շրջապատին տեղեկացրել է, որ նախագահ Իլհամ Ալիևը որոշել է նորակառույց Հեյդար Ալիևի կենտրոնի ղեկավար նշանակել «նրա անվանը արժանի» մարդու, որն էլ հանդիսանում է նախագահի աշխատակազմի ղեկավարի համար արդեն տարիքն առած Ռամիզ Մեհտիևը:
Աղբյուրը նաև հայտնել է, որ Զ.Նաղդալիևին քաջալերող ուժերը 2003 թ-ից սկսած քաղաքական օլիմպը նվաճելու ուղղությամբ համբերությամբ, առանց շտապելու, բայց նպատակաուղղված և ծրագրված կերպով, համառորեն գործող մարդիկ են, որոնք գտնում են, որ հայր Ալիևի ժամանակ ռազմավարական պետական պաշտոններում նշանակված մարդկանցից մեծամասնությունն ավարտելու վրա է իր քաղաքական կյանքը, «ղեկավարման վահանակը» պետք է նորացվի, և որ այդտեղ «նոր ավյուն, նոր շունչ» է պետք:
Նշենք, որ Զ.Նաղդալիևը նախկին կոմերիտական դպրոցի առաքիչն է: Ներկայում իշխող ճամբարում բավական շատ նախկին կոմերիտականներ կան: Նրանցից մի քանիսը հենց Զ.Նաղդալիևի նախաձեռնության և ակտիվ գործունեության արդյունքում վերջին խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածուներ առաջադրվեցին և անսպասելիորեն դեմ դուրս եկան իրենց ճամբարին: Զ.Նաղդալիևը մոտ հարաբերությունների մեջ է նաև «կոմերիտական ներուժով» ներկայիս դեմոկրատական (ընդդիմադիր) ճամբարը ղեկավարող բազմաթիվ անձանց հետ:
Թերթի այն հարցին, թե որքանով է հավանական նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Զ.Նաղդալիևի նշանակումը, «Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ասել է, որ իր կարծիքով, նախագահի աշխատակազմում ներքին իշխանական պայքար է ընթանում և նման տեղեկատվության թափանցումը մամուլ` ուղղված է հենց Ռ. Մեհտիևի դեմ:
Նախկին պետական խորհրդական Գաբիլ Հուսեյնլիի խոսքով, Ալիևների իշխանության ողնաշարը համարվող Ռ.Մետդիևի աշխատանքային ներուժը դեռ չի սպառվել և նա դեռ երկար կմնա այդ պաշտոնում, քանի որ, իր կարծիքով, այսօր իշխող թիմում Ռ.Մեհհիևին փոխարինող կադր դեռևս չի աճել:
Նախկին վարչապետ Փանահ Հուսեինի կարծիքով էլ, թեև Ռ.Մեհդիևի` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռանալը «նշանակալից իրադարձություն» կլիներ, սակայն, այն ընդհանուր քաղաքական իրավիճակն Ադրբեջանում առմամբ չի կարող փոխել:

No comments: