«Լրագիր» 4-11-2010- “Երեխան արդեն ուշագնաց ընկած է եղել, բայց ինքը խփել է: Հետո, ուշաթափված վիճակում, զինվորները տարել են լվացնելու, բռնացրել լվացարանի մոտ նորից ծեծել է”, - Ազատություն ռադիոկայանին պատմել է Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանի հայրը` Գագիկ Գրիգորյանը:Զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը 18-ամյա Էրիկ Գիգորյանին ծեծի է ենթարկել դաժանորեն, բազմաթիվ զինվորների աչքի առաջ. “Էդքան զինվորներն էլ ասում են` վախենում էինք գնայինք մոտ, գոնե չթողնեինք”, պատմում է հայրը: Ծեծը շարունակվել է մեկ ժամից ավելի`առավոտյան ժամանակին չարթնանալու համար:
Ծեծված զինծառայողին հոկտեմբերի 28-ին տեղափոխել են զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունք` սալջարդերով, կոտրվածքներով ու ուղեղի ցնցումով: Քթի կոտրվածքի պատճառով զինվորը չի կարողանում շնչել, նրան վիրահատություն է սպասվում:
Էրիկ Գրիգորյանը բանակ է զորակոչվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից և զինվորական ծառայության մեջ է գտնվել ընդամենը 5 ամիս: Զինվորի հայրը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալին:
ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել 375 հոդվածի առաջին մասով (պաշտոնական դիրքը չարաշահել): Քննչական ծառայությունը տեղեկացնում է նաև, որ զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի դեմ նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինվորի` շարքային Բագրատ Եղիշյանին ծեծելու համար, և գործը հոկտեմբերի 18-ին ուղարկվել է դատարան:
Սակայն ՊՆ քննչական ծառայությունը չի պարզաբանել, թե ինչու է սույն հրամանատարը շարունակում մնալ ազատության մեջ կրկնակի հանցագործություն կատարելու դեպքում:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment