Tert.am. 3-11-2010- Դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ընդգծելով, որ ինքը մոտ ժամանակներս հանդիպելու է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ` Մամեդյարովը հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաների մասին:
«Աստրախանում ընդարձակ բանակցություններ եղան: Բոլոր երեք նախագահները` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, հանձնարարեցին բանակցությունները շարունակել արտգործնախարարների մակարդակով: Աշխատում ենք մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը:
Անդրադառնալով Արցախում Աղդամը Ակն վերանվանելու փաստին` Մամեդյարովը հայտարարել է. «Դա զավեշտալի իրադարձություն է: Անունը փոխելով ոչինչ չի փոխվելու: Միևնույն ժամանակ այդ քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանում առկա են արմատական ուժեր, որոնք դեմ են, որպեսզի կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները»:
Նշենք, որ Էլմար Մամեդյարովը Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է Թուրքիայում: Այսօր նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման մանրամասների մասին առայժմ ոչինչ չի նշվում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment