Saturday, December 18, 2010

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԷԼԻՏԱ

«Լրագիր» 18-12-2010- Քաղաքական վերնախավի (էլիտա) խնդիրը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակական գիտություններում։ Եվ դա հասկանալի է, չէ որ յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործընթաց, սոցիալական վերափոխում անցնում է վերնախավերի մասնակցությամբ և նրանց ակտիվ ազդեցության ներքո։ Սակայն, չնայած այս ամենին, չի դադարում նրանց էության և առաքելության մասին վեճը։
Հարկ է նշել, որ ի սկզբանե, «էլիտա» բառը վերաբերում էր հասարակության վերին, «լավագույն» խավին։ Սակայն, ժամանակի հետ մեկտեղ վերոնշյալ եզրույթի բովանդակությունը փոխվել է, և այժմ, մասնավորապես քաղաքագիտությունում, այն օգտագործվում է չեզոք, էմպիրիկ իմաստով։ Այդ եզրույթը հիմնականում նշանակում է փոքրամասնություն, որն օրինական, կամ անօրինական ճանապարհով իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանությունը, արտոնությունները, հարստությունը։
Սակայն ներկայում բավական հաճախ խոսվում է ընդդիմադիր կամ հակաէլիտաների (контрэлита) գոյության մասին, ինչը որոշակի շփոթմունք է առաջացնում «քաղաքական էլիտա» եզրույթի նշանակության առումով։ Եթե իշխող քաղաքական էլիտան բոլորի աչքի առջև է և, որպես կանոն, նույնացվում է բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմի հետ, եթե քաղաքական էլիտայի գործառույթները քիչ թե շատ հասկանալի են և ամրագրված են օրենքներում (հատկապես դեմոկրատական պետություններում), ապա ընդդիմադիր կամ հակաէլիտայի պարագայում ամեն ինչ ավելի քան բարդ է։ Սակայն, չնայած խնդրի բարդությանը, կարելի է ասել, որ դեմոկրատական պետություններում հակաէլիտայի, ավելի ճիշտ հակաէլիտաների տակ հարկավոր է հասկանալ իշխանությանն ընդդիմության մեջ գտնվող հիմնական քաղաքական ուժերի առաջնորդներին և ակտիվիստներին: Բնական է, որ այդպիսի երկրներում, կախված ընտրությունների արդյունքներից իշխող էլիտան կարող է դառնալ հակաէլիտա և հակառակը։

Սակայն, մեզ համար առավել հետաքրքրական է ուսումնասիրել քաղաքական էլիտայի խնդիրը ոչ դեմոկրատական պետություններում։ Այստեղ նույնպես պետք է նշել իշխող էլիտային, որն իր մեջ է ներառում ինչպես պետական բարձր պաշտոններ գրավողներին, այնպես էլ նրանց, որոնք գտնվելով ստվերում, իրենց հարստության կամ այլ արտոնությունների շնորհիվ ունեն ազդեցություն, մի կողմից` սովորական քաղաքացիների, մյուս կողմից` քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնական անձանց վրա։ Բայց պետք է նշել, որ այստեղ, ի հակառակ ժողովրդավարական երկրների, այդ էլիտան սեփական բնույթը և գործառույթները որոշում է կամայական ձևով։

Ոչ ժողովրդավարական (հակասահմանադրական) երկրներում, բացի իշխող էլիտայից, կարող են նույնպես գոյություն ունենալ հակաէլիտաներ, որոնց կարելի է բաժանել երկու մասի՝ հակադեմոկրատական և դեմոկրատական էլիտաների։

Հակադեմոկրատական քաղաքական էլիտան, ըստ էության, մարդկանց մի փոքր խումբ է, որը հույս ունի հեղաշրջման, բռնի ուժով իշխանությունը զավթելու միջոցով ուղղակի փոխարինել իշխող էլիտային։

Դեմոկրատական էլիտան բաղկացած է այնպիսի մարդկանցից, որոնք ցանկանում են ժողովրդավարական փոփոխություններ իրականացնել ՝ այսինքն, սահմանադրական պետություն հիմնել, պայքարում են այդ փոփոխությունների համար և իրենց վրա պատասխանատվություն են վերցնում կատարելու այդ փոփոխությունները։ Դրանք կարող են լինել տարբեր մասնագիտության, նյութական կարողության տեր մարդիկ, և պարտադիր չէ, որ նրանք լինեն քաղաքական գործիչներ կամ որևէ ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամներ կամ համակիրներ։ Բայց պետք է նշել, որ դեմոկրատական էլիտա ձևավորելու համար նրանք պետք է ունենան գոնե նվազագույն կազմակերպչական մակարդակ։

Անշուշտ տրամաբանական է, որ առանձին անհատ-դեմոկրատները միայնակ չեն կարղ արդյունավետ պայքարել դեմոկրատիա հաստատելու համար։ Նրանց անհրաժեշտ է ձևավորել միասնական ժողովրդավարական շարժում, որտեղ բոլորը կունենան հավասար իրավունքներ, ինչը նշանակում է ունենալ որոշումների կայացման գործընթացին հավասար մուտք։ Հակառակ դեպքում, հնարավոր կլինի խոսել առանձին անհատ-դեմոկրատների, այլ ոչ դեմոկրատական էլիտայի գոյության մասին։ Կարելի է ասել, որ դեմոկրատական էլիտան ապագա, երիտասարդ դեմոկրատական ազգի կորիզն է, եթե, իհարկե, այդպիսի ազգ երբևէ կձևավորվի։ Եվ դա նույնպես, մեծամասամբ, կապված է այդ էլիտայի բավարար կամքից և գրագետ գործողություններից։

ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

No comments: