Saturday, December 18, 2010

Հայոց ցեղասպանության բանաձևը կընդգրկվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում

Tert.am. 17-12-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձը պատրաստվում է դեկտեմբերի 18-ին ընդգրկել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Doğan գործակալությունը՝ վկայակոչելով վաշինգտոնյան սեփական աղբյուրները։
Ընդամենը մի քանի օր առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան և արևելյան շրջանների նախագահներ Աիդա Դեյմեջյանը և Ստեփան Մեսրոպյանը նամակ էին ուղղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ նրան կոչ անելով նոր գումարման Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը։
Բացի այդ, Փելոսիին ուղղված նման կոչով հանդես էին եկել ամերիկյան շոու բիզնեսի հայազգի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են, օրինակ Սերժ Թանկյանն ու Քիմ Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Միացյալ Նահագներում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծամասնությունը զիջեցին հանրապետականներին։ Այս փաստը մեծ խանդավառություն էր առաջ բերել Անկարայում հատկապես Հայոց ցեղասպանության բանաձևը հետագայում կասեցնելու հարցում։
«Թուրքիան ազատվեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանից, որոնք իր գլխին պատուհաս էին դարձել»,– գրել էր թուրքական Vatan օարթերթը՝ միևնույն ժամանակ մտավախություն հայտնելով, որ հնարավոր է նախքան իր պաշտոնին հրաժետ տալը Փելսոին, այնուամենայնիվ, օրակարգ բերի Հայոց ցեղասպանության բանաձևը։
«Հայերի համար առաջին մեծ կորուստը Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հայամետ Նենսի Փելոսին է, ով մերժել էր հանդիպել ԱՄՆ ժամանած թուրք խորհրդարանականների հետ: Սպասվում է, որ հունվարին այդ պաշտոնում նրան կփոխարինի հանրապետական Ջոն Բոհները, ով 2007թ. «դեմ» էր քվեարկել Ցեղասպանության բանաձին: Սակայն մինչև հունվար Փելոսին շարունակելու է պաշտոնավարել, և չի բացառվում, որ բանաձևն այդ ընթացքում դարձյալ մտնի Կոնգրեսի օրակարգ»,- գրել էր թուրքական պարբերականը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։ Այս որոշումից հետո ճգնաժամ առաջացավ թուրք–ամերիկյան հարաբերություններում, և Անկարան, ի նշան բողոքի, Վաշինգտոնից հետ կանչեց իր դեսպան։

No comments: