Saturday, December 18, 2010

Ինչո՞ւ Քըրք Քըրքորյանը չի մասնակցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

News.am. 17-12-2010- Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանը արդեն մի քանի տարի է՝ չի մասնակցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի մեկնաբանմամբ՝ դա մասամբ հետեւանք է նրա, որ Քըրքորյանը ստեղծել է սեփական բարեգործական հիմնադրամ՝ «Լինսը», որի միջոցով է հիմնականում իրականացնում բարեգործությունները։ Բացի այդ՝ «նրա հետ հանդիպելը բարդ գործընթաց է, պետք է մի քանի ինստանցիա անցնել, եւ մեզ դա չի հաջողվել։ Ողջ աշխարհից նրանից գումար են խնդրում, դրա համար արգելափակել են»,- ասաց Ա. Վարդանյանը։
Ընդհանրապես՝ ամերիկահայերն այս վերջին տարիներին բավական պասիվ են մասնակցում հեռուստամարաթոնին։ Այնպիսի խոշոր բարերարներ, ինչպես Լուիզ Սիմոն Մանուկյանը եւ Հրայր Հովնանյանը գործնականում դադարեցրել են մասնակցությունը։ 90-ամյա Լուիզ Սիմոն Մանուկյանը, ըստ մեր տեղեկությունների, վերջնականապես հրաժարվել է այլեւս մասնակցել հեռուստամարաթոնին, քանի որ առողջական խնդիրներ ունի։
Այն ամերիկահայերն էլ, որ խոշոր նվիրատվություններ են կատարում, շատ հաճախ խնդրում են իրենց անունը չհրապարակել։ Բանն այն է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ կան, միայն Կալիֆոռնիայում դրանց թիվը 1000-ից ավելի է։ Ա. Վարդանյանն ասում է, որ բավական է որեւէ մեկը հրապարակային նվիրատվություն անի, նրա տան դիմաց հաջորդ օրը նվիրատվություն խնդրողների հերթ կգոյանա։
Ընդհանուր առմամբ՝ 2010 թ. մարաթոնին ամերիկահայերը նվիրաբերել են մոտ 2,85 մլն դոլար, որը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ա. Վարդանյանն ասաց, որ Հիմնադրամի նպատակն է՝ նվիրատվությունների մեծ մասը հավաքագրել Հայաստանի Հանրապետությունից։ Այս տարի հայաստանցիները նվիրաբերել են 1,95 մլն դոլար, զգալիորեն մեծացել է նվիրատուների ցանկը։ Եթե 2009 թ. Հայաստանի Հանրապետությունից մարաթոնին մասնակցել էր 30 հազ. անհատ եւ կազմակերպություն, ապա 2010-ին՝ արդեն 42,6 հազ.։

No comments: