«ԱԶԳ», 15-12-2010- Ըստ երեւույթին, հարեւան երկրում որոշել են վերջնականապես հրաժեշտ տալ այն ամենին, ինչ «ազգային նույնականացմանը խանգարում է»: Ադրբեջանի ԳԱԱ տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտը մշակել եւ խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Ազգանունների մասին» օրինագիծ:Ըստ այդմ, օրինագիծն ընդունվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո «բոլոր նորածինների համար պարտադիր կլինի ներկայում գործող ազգանունների «ով», «եւ» վերջավարությունների փոխարեն գրել «լի», «լու», «օղլու» կամ «սոյ»»: Ավագ սերնդի քաղաքացիների համար «կգործի կամավորության սկզբունքը»:
Օրինագծի հեղինակները հավաստիացնում են, որ «դա կվերաբերի միայն ազգությամբ ադրբեջանցիներին եւ նրանց, ովքեր իրենց կհամարեն ադրբեջանցի»:
Արտառոցն այն է, որ Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանցի են համարվում բոլոր քաղաքացիները: Այդ տրամաբանությամբ, կամավոր թե պարտադիր, բոլոր քաղաքացիներն էլ կարող են ունենալ «ազգային նույնականացմանը համապատասխանող» ազգանուն: Ճիշտ է, օրինագծի հեղինակները մի փոքր «սողանցք» թողել են. մարդիկ իրավունք կունենան ձեռք բերելու, այսպես կոչված «աշխարհագրական» եւ «տոհմական ազգանուններ»: Ասենք, եթե քաղաքացին ազգությամբ թալիշ է եւ ծնվել է Լենքորանում, իրավասու է պատկան մարմիններից պահանջելու, որ անձնագրում ունենա «Լենքորան» ազգանունը կամ որպես ազգանուն ընտրի հոր, պապի, նախապապի անձնանունը: Դիցուք` Հեյդար Ալիռզա:
Ազգությամբ թաթերին կթույլատրվի ունենալ «զադե» վերջավորությամբ ազգանուն: Բայց այդ դեպքում, հավանական է, խնդիրներ կառաջանան: Մասնավորապես, ի՞նչ որոշում պիտի ընդունի վարչապետ Արթուր Ռասիզադեն` պահել ազգանունը եւ այդպիսով ընդունե՞լ, որ ազգությամբ թաթ է, թե՞ իրեն համարել ադրբեջանցի եւ կոչվել Արթուր Ռասի: Կամ` Ռասիլու, Ռասիօղլու, Ռասիսոյ: Նույն խնդիրը, հավանաբար, կունենա նաեւ Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդը, որի ազգանունը Փաշազադե է: Օրենքն ընդունվելու դեպքում նաեւ կհամարվի, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հիմնադիրներից մեկը` Ռասուլզադեն նույնպես ազգությամբ թաթ է եղել:
Բայց ամենահետաքրքրականն այն է, թե ի՞նչ ազգանուն կընտրի Ադրբեջանի նախագահը: Բնական է, որ «ազգային նույնականացման» առաջին օրինակը պետք է նա տա: Հակառակ դեպքում ծիծաղելի կլինի քաղաքացիներից պահանջել, որ հրաժարվեն իրենց ազգանվան «ով» կամ «եւ»` ռուսականը հիշեցնող վերջավորություններից:
Իլհամ Ալիեւը, ինչպես եւ մյուս քաղաքացիները, շատ մեծ ընտրության հնարավորություն ունի: Նա կարող է ընտրել ազգանվան «եւ»-ը պարզապես ջնջելու տարբերակը եւ դառնալ Իլհամ Ալի: Կարող է կոչվել Իլհամ Հեյդարօղլու: Հնարավոր է` նա փորձի հավերժացնել պապի հիշատակը եւ ընտրի Ալիռզա ազգանունը:
Տարբերակներն, այսպիսով, մի քանիսն են: Բայց խորհրդի կարգով, թվում է, պետք է ասել, որ նպատակահարմար է, որ նա ընտրի բոլորովին նոր` իր պաշտոնից բխող ազգանուն: Թող կոչվի Իլհամ Սուլթանսոյ: Ճիշտ է, ինքը սուլթանական ցեղից չէ, բայց չէ՞ որ ազգանուն ընտրում է ոչ միայն իր, այլ նաեւ զավակի, թոռների համար:
Ի՞նչն է խանգարում, որ նախագահի պաշտոնը գահաժառանգության սկզբունքով զբաղեցնելուց եւ որդուն փոխանցելու մտադրությունը սահմանադրությամբ ամրագրելուց հետո նա իշխանության կրողի համար ընտրի հնչեղ ազգանուն` Սուլթանսոյ` «սուլթանի ցեղից սերված»: Կամ` «սուլթանակերպ»:
Իսկ գուցե «ազգային նույնականացման» հետ կապված օրենսդրական այդ «նախաձեռնությունը» հենց այդ նպատա՞կն է հետապնդում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment