Saturday, December 18, 2010

Մոլդովան պաշտոնապես պահանջել է ազատ արձակել Էռնեստ Վարդանյանին

HayNews.am. 14-12-2010- Մոլդովան Մերձդնեստրի իշխանություններից պաշտոնապես պահանջել է ազատ արձակել լրագրող Էռնեստ Վարդանյանին: Այս մասին հայտնում է PБК-ն:
Նշենք, որ Մերձդնեստրի գերագույն դատարանը դեկտեմբերի 16-ին վերջինիս դատապարտել է 15 տարվա ազատազրկման` Մոլդովայի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով: Քիշինևի պաշտոնական դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնել է Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ և մերձդնեստրյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների մշտական ներկայացուցիչ Վիկտոր Օսիպովը` Մերձդնեստրի արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակի հետ հանդիպման ժամանակ:
Օսիպովը հայտարարել է, որ Էռնեստ Վարդանյանն անմեղ է ու հավելել, որ «միակ ճիշտ որոշումը կլինի նրան բանտից անհապաղ ազատ արձակելը»:
Նշենք, որ ավելի վաղ Օսիպովի հետ հանդիպել է ազատազրկված լրագրողի մայրը` Թամարա Շագոյանն, ով հայտնել է, որ Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովին նամակ է ուղարկել, որով խնդրում է ազատ արձակել իր որդուն:
Իր հերթին Օսիպովը նշել է, որ դատապարտում է մերձդնեստրյան դատարանի կայացրած վճիռն ու անհրաժեշտ բոլոր քայլերը կանի` հասնելու Վարդանյանի ազատ արձակմանը:
Նշենք, որ Էռնեստ Վարդանյանին Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են ապրիլի 7-ին ու հայտարարել, թե իբր վերջինս ընդունել է, որ համագործակցել է Մոլդովայի հատուկ ծառայությունների հետ ու նրանց տեղեկություններ հաղորդել:
Մոլդովայի հատուկ ծառայությունները, սակայն հերքել են այդ տեղեկությունները:

No comments: