Saturday, December 11, 2010

ԵԱՀԿ-Ն Ի ԶՈՐՈ՞Ւ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«ԱԶԳ, 11-12-2010- Մարդկային ուղղության ԵԱՀԿ հերթական հանդիպումը, որ դեկտեմբերի 9-10-ին ընթանում էր Վիեննայում, եւս մեկ անգամ ապացուցեց, որ ադրբեջանական ներկայացուցիչների համար կարեւոր չէ ոչ մի թեմա, եթե դա չի կարելի ամենաանհեթեթ ձեւով կապել հայերի, Հայաստանի կամ ղարաբաղյան հարցի հետ: Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը այստեղ-այնտեղ մասնակցություն է ապահովում ոչ թե հետաքրքրված այդ խնդիրներով, որ մեծ մասամբ վերաբերում են մարդու իրավունքներին (ինչում այս երկիրը մեզանից անմխիթար վիճակում է գտնվում), այլ ղարաբաղյան հարցը շարունակելու համար: Դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը որոշել էր ելույթ ունենալ: Մարդկային ուղղության հանդիպումը վերաբերում էր կրոնի կամ հավատքի ազատությանը: Այն, որ, ըստ ադրբեջանական պատվիրակության, ամեն ինչ լույս ու պայծառ է այս հարցի առնչությամբ Ադրբեջանում, իրենց գործն է: Ի վերջո, եթե որեւէ մեկը խնդիրներ չի տեսնում, երբեւէ չի ազատվի դրանցից, չի կարող զարգացում ունենալ: Այն որ, ըստ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի, Ադրբեջանի բնակչության 96 տոկոսը մուսուլմաններ են, բայց դրա հետ մեկտեղ չկա խտրականություն կրոնի կամ հավատի հիման վրա, ամենաբացահայտ ստերից է, քանի որ անգամ մուսուլմանների միջեւ խնդիրներն ու անհանդուրժողականությունը հարեւան երկրում բարձրաձայնված եւ փաստված իրողություն են: Ինչեւէ, տհաճը հայտարարություն անող պատվիրակի ամենից առաջ անգրագիտությունն էր, եթե ոչ անպարկեշտությունը, որ այդ «անհանդուրժողականության եւ ոչ խտրական» վիճակի մասին հայտարարության հիմքերից մեկն էլ բերված էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի այցելությունը Բաքու` աշխարհի կրոնապետների համաժողովին: Բավական չէ, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը նման հանդիպմանը, երբ մարդիկ խոսում են կրոնի առնչությամբ իրավունքներից, Ամենայն հայոց կաթողիկոսին դիմել էր պարոնով, այլեւ նշեց, թե ինչպես կաթողիկոսը, այնպես էլ մեկ այլ հանդիպման առիթով Բաքու մեկնած Ստեփան Գրիգորյանը հայտարարել են, թե «զարմացած են Բաքվի կենտրոնում հայկական կանգուն եկեղեցի տեսնելով այն դեպքում, երբ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի հետ»:
Եվ սա մեջբերվում է որպես ապացույց, թե Ադրբեջանում «ինչքան բարձր է հանդուրժողականությունը»: Մինչդեռ սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ առանց աչք իսկ թարթելու ոչնչացրին Ջուղայի խաչքարերը:
Արդեն երեկ ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Արմեն Պապիկյանի ելույթում, ի շարս թեմային առնչվող դիտարկումների, անդրադարձ կար նաեւ ադրբեջանական պատվիրակության «ելույթին»: Պապիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ահազանգող են դարձել որոշ դեպքերում քրիստոնյաների եւ քրիստոնեական ժառանգության հանդեպ անհանդուրժողականությունը եւ հարգանքի բացակայությունը: Այդ ամենը արտահայտվում է նաեւ եկեղեցիների, սրբատեղիների նկատմամբ բարբարոսական գործողություններով ԵԱՀԿ որոշ երկրներում: Նշելով, որ ընդունված կանոների համաձայն, պետք է հարգալից դիմել այս կամ այն ազգի հոգեւոր առաջնորդին, այլ ոչ թեՙ պարոն, Պապիկյանը հիշատակեց որոշ ԵԱՀԿ երկրներում հայկական հուշարձանների հանդեպ բացասական վերաբերմունքը: Ըստ ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցչի, հուշարձաների հանդեպ վանդալիզմի վերջին սահռմկեցուցիչ դրսեւորումներից էր Ջուղայի միջնադարյան գերեզմանների, խաչքարերի ու շիրմաքարերի ոչնչացումը` Ադրբեջանի ղեկավարության հրամանով զինվորների կատարմամբ եւ միջազգային պարտավորությունների խախտմամբ:
Ու չնայած Ջուղայի հուշարձանների առնչությամբ կա Հուշարձանների եւ սրբավայրերի միջազգային խորհրդի բանաձեւը, որով Ադրբեջանի ղեկավարությանն առաջարկվում է թույլատրել միջազգային փորձագիտական պատվիրակության այցելություն, դա այդպես էլ տեղի չի ունենում:
Տվյալ դեպքում, ըստ Պապիկյանի խոսքի, հարցն այն է. թե արդյոք ԵԱՀԿ-ն ի զորո՞ւ է պայքարելու քրիստոնյաների եւ քրիստոնեական ժառանգության նկատմամբ այս ատելության եւ անհարգալից վերաբերմունքի դեմ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վիեննա

No comments: