Wednesday, December 29, 2010

Թուրք հաքերները կոտրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը

Tert.am. 29-12-2010- Այս գիշեր թուրք հաքերները հարձակում են իրականացրել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի վրա՝ որոշ ժամանակով խափանելով կայքի գործունեությունը։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է Jeopardy մականունով հայտնի հաքերի գլխավորած Code the arts հաքերների խմբի կողմից, որում ընդգրկված են թուրք, չիլիացի և արգենտինացի հաքերներ։
Cihan–ի տեղեկացմամբ՝ հաքերները հարձակումն իրականացրել են ի պատասխան ANCA–ի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի, ինչպես նաև՝ NBA հայտնի բասկետբոլիստներից Կոբե Բրայանի դեմ սկսված արշավի։ Հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խափանել կայքի գործունեությունը՝ առաջին էջին տեղադրելով Թուրքիայի դրոշն ու Կոբե Բրայանին աջակցող արտահայտություններ։
Թուրքական հարձակումից ժամեր անց ANCA–ի կայքը վերականգնել է իր գործունեությունը և ներկա պահին գործում է սովորական ռեժիմով։
Նշենք, որ այն բանից հետո, երբ բասկետբոլիստ Կոբե Բրայանը որոշում էր կայացրել գովազդել Թուրքական ավիաուղիներ ընկերությունը՝ համապատասխան պայմանագիր կնքելով վերջինիս հետ, ANCA–ի կողմից Բրայանի դեմ արշավ էր սկսվել, որին միացել էր նաև ամերիկյան շուբիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը։

No comments: