Wednesday, December 29, 2010

ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Լրագիր» 29-12-2010- Սադրանքի ես չեմ սպասում, ես սպասում եմ պատերազմի,- դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հավելելով. - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ստեղծված է պատերազմելու, եւ ամեն օր, ամեն ժամ սպասում է դրան: Պատերազմ կլինի` կպատերազմի, պատերազմ չի լինի` ուրեմն խաղաղությունը ապահովված կլինի: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
Նախարարի խոսքով, ընթացիկ տարում Պաշտպանության բանակը կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրը. ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Նա նշեց, որ բարելավվել է մեկ դիրք` Պաշտպանության բանակը զբաղեցրել է ավելի նպաստավոր դիրք, առաջին գծում բարելավվել են զինվորների պայմանները` կառուցվել են 102 ճաշարաններ, նոր խրամատներ:
Մովսես Հակոբյանի խոսքով, հայկական կողմը «առաջնագծում միշտ կարողացել է լինել պարտադրողի դերում»:
Նախարարը նաեւ չի թաքցրել` ընդհանուր առմամբ Պաշտպանության բանակի համար տարին ծանր էր. նախորդ տարիների համեմատ հակառակորդի կրակոցները աճել են 53 տոկոսով, Պաշտպանության բանակին հատկապես մտահոգել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները:

No comments: