Thursday, December 30, 2010

Էջմիածնի և Պոլսո հայոց պատրիարքարանի միջև ճգնաժամ է հասունանում. Hurriyet

Tert.am. 30-12-2010- Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջև Թաթուլ Անուշյանին եպիսկոպոս ձեռնադրելու առնչությամբ ճգնաժամ է սկսվել։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը։
«Գարեգին Բ–ն չի ընդունել Պոլսո հայոց պատրիարքարանի վարդապետ Թաթուլ Անուշյանին եպիսկոպոս ձեռնադրելու առնչությամբ Աթեշյանի ներկայացրած դիմումը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը Պոլսո հայոց պատրիարքարան ուղարկած իր նամակում նշել է, որ Անուշյանին եպիսկոպոս ձեռնադրելու դիմումը պետք է ներկայացվի նորընտիր պատրիարքի կողմից։ Իսկ պատրիարքական փոխանորդի մակարդակով ուղարկված դիմումը չի կարող ընդունվել»,– գրում է թուրքական պարբերականը՝ ավելացնելով.
«Գարեգին Բ–ն ցանկանում էր, որպեսզի իր պարտականությունները հիվանդության պատճառով իրականացնել չկարողացող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի փոխարեն ընտրվեր նոր պատրիարք։ Սակայն թուրքական կառավարությունը պատրիարք կամ աթոռակից պատրիարք ընտրելու փոխարեն թույլատրեց միայն պատրիարքական փոխանորդի ընտրություններ»։
Hurriyet–ի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշում էր կայացրել խորհրդի առաջնորդ Թաթուլ վարդապետ Անուշյանին եպիսկոպոս ձեռնադրելու մասին։ Այդ առնչությամբ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը համապատասխան դիմում էր ուղարկել Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։

No comments: