Saturday, January 15, 2011

ՈՐ ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅՈՑ ԳԻՐԸ ՀԱՅ ՄՏՔԻ ԼՈՒՅՍ ՉԴԱՌՆԱ

«Լրագիր» 14-1-2011- ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Լեզվի մասին օրենքը փոխելու` խառնալեզվությանը կանաչ ճանապարհ տալու որոշումը: Այնքան անհավանական է հիմարացածների ինքնաոչնչացման այս գործարքը, որ թվում է, թե պետք է արթնանամ ու տեսնեմ, որ երազ էր... Բայց ո՛չ, երազ չէ, հոգեցունց իրականություն է. ո՞վ կպատկերացներ, որ հայոց թշնամիներն այսքան զորացել են հենց Հայաստանում, տնօրինում են անգամ մեր երկրի լեզվաքաղաքականությունը. «Լեզվի մասին ՀՀ օրենքը» վերաձևելը, մեր հոգու պատվարն ավերելը, օտարամոլությունը պետական քաղաքականություն դարձնելը վրդովմունք ու տառապանք առաջացնող փաստ է արդեն։ Իսկ մենք ազգովի ժողովրդավարություն ենք խաղում. Տիգրան Կարապետիչի կոչով հանրահավաքի ենք գնում ու «արդարություն» գոչում: Մեր ունեցածը, մեզ հրամցվածը անկախ պետության քաղաքականություն չէ, խեղկատակություն է:
Ազգերը հանկարծամահ չեն լինում, նրանց տանում են մահվան։ Հայ տեսակն ու հայոց պետականությունը փուշ են աշխարհի կոկորդին, կուլ տալու համար մեզ պետք է փշրեն, մանրացնեն: Իրենց պետության զորացմանը նպաստող հայերն անընդունելի են այսօրվա քաղաքական համակարգում: Աշխարհը վերադասավորողների ծրագրում հայերը մեկանգամյա օգտագործման դոնոր են. աշխարհով մեկ պետք է ցրվեն ու վերակենդանացնեն, առողջացնեն մեռնող, կործանվող անորակներին:
Մեր ստեղծագործ նկարագիրը մեզ հնարավորություն է տալիս ծուղակներից խուսափել, վերընձյուղվել: Բայց մեր բարոյականի ու տեսակի դեմ անվերջանալի հարձակումներից մաշվում է մեր կայունությունը: Այսօր էլ, ինչպես դարեր շարունակ, խնդիր ունենք գտնել հայոց կյանքի ճանապարհը, փոխել մեզ համար այլոց նախատեսած ապրելակերպն ու ապագան, մեր ներքին քաղաքականությունից դուրս մղել օտարածին այլասերումը, ստեղծել ազգապահպան միջավայր: Կարո՞ղ ենք պաշտպանվել, թույլ չտալ, որ մեզնից խլեն ու դեն նետեն մեր հարատևման միջոցը` հայերենը: Սա հարց է, որի պատասխանն «այո» է, եթե դաս քաղենք մեր պատմական անցյալից, եղեռն տեսած ազգն ւրավունք չունի անհոգ լինել կամ էլ թշնամու լկտիությունից կարկամել:, թշնամիներին չնմանվելու պատճառով թուլանալ ու երկիր կորցնել: «Ատամն ընդ ատաման». սա գոյատևման համընդհանուր օրենքն է: Եթե անհրաժեշտ է, վայրենի էլ պետք է դառնանք ու հայ տեսակը պահենք, ո’չ միայն մեր, նաև աշխարհի համար: Պարտք ունենք տիեզերքի առաջ` չկորչել, չոչնչանալ: Չարի դեմ պայքարը հավերժ է, և հոգնելու, հիասթափվելու իրավունք պարզապես չունենք:
Ցավներս կորով ենք դարձրել, Արաներս լեռ ապառաժ: Վախեցեք հրաբխի ժայթքումից:

Արեգ, չհուսահատվող հայ մտավորական

No comments: