Saturday, January 15, 2011

ՆԱԲՈՒԿՈՅԻ ԳԻՆԸ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԷ

«Լրագիր» 14-1-2011- Նախօրեին Բաքվում Իլհամ Ալիեւի եւ Եվրակոմիսար Ժոզե Մանուել Բարոզոյի միջեւ ստորագրված հարավային գազային միջանցքի մասին համաձայնությունը, որը ներառում է նաեւ Նաբուկոն, արդեն հասցրել են համարել պատմական ճեղքում: Այսօր Բարոզոն մեկնում է Աշխաբադ` Թուրքմենիայի հետ եւս պայմանավորվելու Նաբուկոյի գազի մատակարարման մասին: Ավելի վաղ Արեւմուտքը Թուրքիային ստիպել է հրաժարվել գազի տարանցման հավակնոտ պահանջներից (գազատարի 2/3-ը Թուրքիայի տարածքով է անցնելու, եւ նա պահանջել էր գազի 15%-ը):
Փորձագետներն արդեն խոսում են այն մասին, որ էներգետիկ համաձայնության պայմանագրի կնքումը կազդի Հարավային Կովկասում քաղաքականության վրա: Որպես հիմնական կետեր նշվում են, առաջին հերթին, Ադրբեջանի կողմնորոշման փոփոխությունը, որը երկար ժամանակ չի կարողացել Ռուսաստանին “մերժել” Արեւմուտքին “մերժելու” պահանջը: Այժմ Բաքուն բացեիբաց հայտարարել է հակառուսաստանյան նախագծին մասնակցելու մասին, եւ փոխարենը գտնում է, որ իրավունք ունի Եվրամիությունից ակնկալել որոշակի քայլեր: Արդեն հայտարարվել է, որ ԵՄ-ն Ադրբեջանին միջոցներ կտրամադրի “քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների” եւ ենթակառուցվածքների կատարելագործման համար, բայց Բաքուն ակնհայտորեն ակնկալում էր նաեւ քաղաքական աջակցություն, հատկապես Ղարաբաղյան հարցում: Այս ամենից դատելով, Եվրամիությունը մերժեց Բաքվին նման աջակցություն ցուցաբերել` խորհուրդ տալով սահմանափակվել կոմերցիոն շահով:

Երկրորդ “թիրախ” դարձել է Թուրքիան, որը հերթական անգամ առաջադրել է շատ բարձր պահանջներ: Արդյունքում, Արեւմուտքը ստիպեց նրան համաձայնվել իր պայմաններին: Բայց հետաքրքիրը դա չէ, այլ այն, թե ինչ “մտրակներով” է Արեւմուտքը ստիպում Թուրքիային համաձայնվել իր պայմաններին` կիպրոսյան կարգավորում, հայ-թուրքական հարաբերություններ, քրդական հարց եւ երկրի մասնատման սպառնալիք, ԵՄ-ին անդամակցություն, Գերմանիայում եւ Հոլանդիայում հակաթուրքական շարժում եւ այլն: Ողջ այդ զինանոցն ակտիվորեն կիրառվում է, եւ Թուրքիայում արդեն հնչում են Արեւմուտքի կողմից երկիրը ծնկի բերելու վերջնական մտադրության մասին մտավախությունները:
Երրորդ շահագրգիռ երկիրը Իրանն է, որը կարող է դառնալ Նաբուկոյի համար լավագույն մատակարարը, բայց մերժվել է քաղաքական պատճառներից ելնելով: Իրանը անպայման իր բողոքը կարտահայտի Թուրքմենստանի եւ Ադրբեջանի`ծովի հատակով Անդրկասպյան գազատարի շարունակման մտադրության վերաբերյալ: Եւ դա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ նախագծի իրականացման համար: Միեւնույն ժամանակ, երկարաժամկետ հեռանկարում դա կարող է դառնալ լավ պատրվակ` Իրանի եւ Եվրոպայի միջեւ բանակցությունների համար: Նախագծին անդամության համար Իրանը կարող է համաձայնվել քաղաքական զիջումների:

Հայաստանը նշված նախագծից դուրս է մնացել, բայց միայն տրանզիտային առումով: Քաղաքական առումով Հայաստանը համարվում է ռուս-արեւմտյան դիմակայության գլխավոր բաղկացուցիչը, եւ Ադրբեջանի վերջնական կողմնորշումը Արեւմուտքի նկատմամբ կարող է վերջին կետը դառնալ Հայաստանի մեկուսացման գործում, եթե նա համապատասխան քայլեր չձեռնարկի: Որոշ փորձագետներ գտնում են, որ ներկայիս դասավորությունը կարող է կտրուկ փոխել Հայաստանի կողմնորոշումը: Ասենք` Heritage Foundation-ի աշխատակից Արիել Քոհենը հայտարարել է, որ ապագայում կարող է Հայաստանի վերակողմնորոշում լինի ԱՄՆ-ի նկատմամբ: Այն մասին, որ Հայաստանը կարող է քննարկել ռուսական բազաների դուրսբերման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, խոսել է նաեւ “Նոր ժամանակներ”-ի առաջնորդ Արամ Կարապետյանը:

Ակնհայտ է մի բան. Արեւմուտքը չի փոխել իր դիրքորոշումը` ղարաբաղյան կարգավորման հետ կապված, եւ ակնհայտորեն չի պատրաստվում Թուրքիային եւ Ադրբեջանին վճարել Ղարաբաղով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: