Saturday, January 22, 2011

Հայաստանում աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերումը բացառիկ երևույթ է. Պավել Ավետիսյան

Tert.am. 21-1-2011- Հայաստանում հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանի հայտնաբերումը բացառիկ երևույթ է նաև այն առումով, որ հայտնաբերված հնավայրը արտառոց է օրգանական մնացորդների պահպանվածությամբ: Սա հնարավորություն է տալիս առավել խորն ուսումնասիրել հնավայրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Ներկայացնելով Արենիում հայ-ամերիկյան-իռլանդական արշավախմբի կողմից հայտնաբերված աշխարհի ամենահին գինեգործարանի պեղումների աշխատանքը՝ Պավել Ավետիսյանը նշեց, որ հնավայրում արշավախումբը պեղումներ է սկսել 2007թ-ից, և դեռևս «ստուգողական պեղումների» ժամանակ արշավախմբի առջև բացվել են կառույցի այնպիսի դրվագներ, այնպիսի կավակերտ կառույցներ, որոնք արշավախմբին հուշել են, որ իրենք գործ ունեն գինեգործության կամ խաղողագործության հետ: «Արտառոցն այն էր, որ արտադրական ծավալների խաղողի մնացորդներ հայտնաբերեցինք ու հասկացանք, որ խոսքը գինեգործարանի մասին է»,- նշեց ինստիտուտի տնօրենը:
Արշավախմբի անդամներն 99 տոկոս հավանականությամբ համոզված են, որ իրենց պեղումների արդյունքում հայտնաբերվածն աշխարհի ամենահին գինեգործարանն է, որը գործել է մ. թ. ա. 4-5-րդ դարերում: «Մեր հայտնաբերածը թույլ է տալիս մեզ համոզված հայտարարել, որ Հայաստանն՝ ի թիվս իր շրջակա տարածքների, խաղողի մշակման գինեգործության հնագույն օջախներից է»,- հայտարարեց Պավել Ավետիսյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ ամենահինն է համարվում նաև արտադրամասում հայտնաբերված խաղողի ճզմման և գինու պատրաստման հնձանը:

No comments: