«Լրագիր» 27-1-2011- Ղարաբաղի խորհրդարանը հրաժարվեց քննարկել ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի մասին Հռչակագրի նախագիծը: Այն ներկայացրել էր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԼՂՀ Հասարակական Խորհուրդը: Նախագիծը մշակվել էր հայտնի փորձագետների մասնակցությամբ, որոնք այդ հռչակագրի ընդունումը համարում են ժամանակի հրամայական:Ղարաբաղի խորհրդարանն անհամաձայնություն չհայտնեց հռչակագրի տեքստի հետ, որտեղ խոսվում է ԼՂՀ ժողովրդի իրավունքի մասին, այդ թվում իր շահը հետապնդելու իրավունքի մասին: Գտնվել է իր ցինիզմով զարմանալի մի ձեւակերպում`խորհրդարանը, ըստ Սահմանադրության, չունի այդպիսի հռչակագրեր ընդունելու լիազորություն:
Իսկ ինչի է կոչված Ղարաբաղի խորհրդարանը, եթե ոչ իր քաղաքացիների շահը պաշտպանելու: Առավել եւս, որ Սահմանադրության 76-րդ հոդվածի երրորդ կետը խորհրդարանին հենց վերագրում է անել այդպիսի հայտարարություններ:
Բայց բանը միայն տվյալ հռչակագիրը չէ, այլ խորհրդարանի ընդհանուր պասիվությունը, որն արդեն անշունչ մարմին է հիշեցնում: Այդ մարմնին շունչ չհաղորդեցին նաեւ մոդեռնիստական գմբեթով նոր շենքը եւ անցյալ տարվա ոչ մոդեռնիստական ընտրությունները, որոնք անցան խորհրդային լավագույն ավանդույթների համաձայն:
Իր անկախության միջազգային ճանաչման մասին խոսող երկրի խորհրդարանը իրավունք չունի լռել իր իրավունքների մասին: Դա վկայում է, որ իրենք` պատգամավորները, իրենց հոգեւոր որակների ուժով, մերժում են իրենց ազատության, անվտանգության, միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը: Տեր փնտրելու եւ այլոց շահերին եւ իրավունքներին ենթարկվելու, ինչ որ մեկի կողմը նայելու ներքին մղումը Ղարաբաղի խորհրդարանը (Հայաստանինը նույնպես) պարուրել է վտանգավոր պատանքով: Հիպոթետիկ պատժամիջոցների վախով պատգամավորները հրաժարվում են “ինքնուրույն” քայլեր կատարելուց, նույնիսկ եթե գիտակցում են դրա անհրաժեշտությունը:
Ի՞նչ պատժամիջոցներից է վախենում ղարաբաղյան խորհրդարանը: Ի՞նչ կարող է կորցնել այն` անդամությունը ՄԱԿ-ի՞ն, ԵԽ-ի՞ն, Եվրամիությա՞նը, թե՞ ԱՊՀ-ին, միջազգային ֆինանսական ինստիտուտների օգնությո՞ւնը, ինովացիանե՞րը: Չէ՞ որ այդ ամենը Ղարաբաղը չունի եւ կորցնելու բան չկա: Իսկ պատերազմի սպառնալիք կա միշտ, եւ այժմ այն ավելի մեծ է, քան եթե Ղարաբաղը հստակ հայտարարեր իր իրավունքների մասին: Չէ՞ որ իրավունքն է ուժ:
Մի՞թե ամբողջ հարցը ազդեցության գործակալներն են, առաջին հերթին Ռուսաստանի, որոնք նստում են Ստեփանակերտում եւ փակում են բոլորի բերանը, ով կփորձի խոսք ասել: Ինչու պատգամավորները, նաեւ Ղարաբաղի ԱԳՆ-ն, չեն խորհում, թե ինչու են որոշ մարդիկ փակում իրենց բերանը, ում ձեռնտու չէ Ղարաբաղի իրավունքների հռչակումն այն ամենի հանդեպ, ինչ նվաճվել է արյունով: Միթե պատգամավորներին հասկանալի չէ, որ իրենց հայրենակիցների արյունը եւ իրենց սեփական արյունը (նրանցից շատերը պատերազմել են) օգտագործվում է կեղտոտ քաղաքական խաղում, որ տվյալ պահին իր վրա է վերցրել Ռուսաստանը:
Իսկ եթե պատգամավորները հասկանում են դա, բայց ի զորու չեն ոչինչ անել, ապա ամոթ նրանց: Թող նրանցից ամեն մեկը մտածի` արժանի՞ է արդյոք ինքը ժողովրդի ընտրյալի կոչումին եւ այն բոլոր բարիքներին, որոնք ժողովուրդը հատկացնում է իր պատգամավորներին, որպեսզի նրանք էլ պաշտպանեն իր շահը եւ իրավունքը: Հատկացնում են իրենց գրպանից` հարկեր, տուրքեր են վճարում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment