Monday, February 21, 2011

Լիբիայում զոհերի թիվը հասնում է 200-ի. ձերբակալվել են նաև «թուրք գործակալներ»

Լիբիայում արդեն 6-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ելույթները: Ըստ տարբեր աղբյուրների, բախումների արդյունքում զոհվածների թիվն անցնում է 200-ը: Լիբիայի երկրորդ խոշորագույն քաղաքում` Բինգազիում անջատված է հեռախոսը, համացանցը, լույս չեն տեսնում թերթերը:
Լիբիական պաշտոնական Jana գործակալության փոխանցմամբ, ցույցերի հետևում կանգնած են օտարերկրյա ուժերը: Մասնավորապես, երկրում ձերբակալվել են մի քանի «գործակալներ»: Jana–ի փոխանցմամբ, նրանց թվում կան նաև Թուրքիայի քաղաքացիներ:
Միևնույն ժամանակ ցուցարարների կողմն են անցել 50-ից ավելի կրոնական գործիչներ, որոնք կոչ են արել զինվորներին «չսպանել մուսուլման եղբայրներին ու քույրերին»:
Եգիպտոսի և Լիբիայի սահմանի մոտ նույնպես ցույցեր են տեղի ունեցել. 30 տարի իշխած Հոսնի Մուբարաքին տապալած եգիպտացիները նման կերպ իրենց աջակցությունն են հայտնել լիբիացիներին:
Նշենք, որ ավելի վաղ Լիբիայի պաշտոնական շրջանակները լուրեր էին տարածել, թե երկրի երրորդ խոշորագույն քաղաքում` ալ-Բաիդայում «իսլամիստ ծայրահեղականները պատանդ են վերցրել բնակիչների և ուժային կառույցների ներկայացուցիչների ու սպառնում են սպանել նրանց, եթե քաղաքի շրջապատումը չդադարեցվի»: Ըստ նույն աղբյուրի, ալ-Բաիդայում արդեն կախաղան են բարձրացվել երկու ոստիկան:

No comments: