Wednesday, February 9, 2011

ԳՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-2010

Սփյուռք-Հայաստան գրական կապերիՙ վերջին տարիների ակտիվացմանն, ինչ խոսք, նպաստեցին գրողների համահայկական համաժողովները Հայաստանում եւ Բեյրութում անցկացված, օտարագիր հայ գրողների հավաքներն այստեղ, սփյուռքահայ գրողներիՙ Հայաստանում պարբերաբար տպագրության հանգամանքը, տեղի մտավորականության հետ շփումները եւ այլն: Սփյուռքը, որպես ամբողջական օրգանիզմ ընկալելը, սխալ է անշուշտ: Հայ համայնքներնՙ աշխարհասփյուռ, ամենատարբեր մշակույթների կրողներ լինելով, միավորված են ազգային ինքնության տարրերի շուրջն իհարկե, որոնցից պարբերաբար օտարացումները պիտի ընդունել անխուսափելի երեւույթ: Գրական սփյուռքի համար դա նախեւառաջ լեզուն էՙ հայերենը, թեեւ օտարագիր հայ գրողների շատ ստեղծագործություններ հերքեցին այս մոտեցումը, դրանցՙ մտածողության եւ ներքին ոգու հայկականության ընդգծված ներկայությամբ:
Մեր ձեռքին է «Գրական Սփյուռք» տարեգիրքըՙ տպագրված 2010-ին, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի կողմից, Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Տարեգրքի առաջաբանը տեղեկացնում է սույն հրատարակության նպատակների եւ անհրաժեշտության մասին: Հայաստանցի ընթերցողին սփյուռքահայ արդի գրականությանը ծանոթացնելու միտումով տարեգրքի խմբագրական խորհուրդը (Ավ. Իսահակյան, Հր. Սարիբեկյան, Ա. Նիկողոսյան, Ա. Ավանեսյան, Վ. Դանիելյան, Վ. Դեւրիկյան) նպատակահարմար է գտել ընդգրկելու գրական տարբեր ժանրերՙ պոեզիա, արձակ, թատերգություն, գրականագիտություն, սփյուռքի ներկա գրական ընթացքիՙ հնարավորինս ամբողջական համապատկեր ստանալու փորձով: Որքանով է հաջողվել, դժվար է ասել, քանի որ ինքնին հասկանալի են հիմնական աշխատանքիՙ կոորդինացման, հնարավոր բարդությունները, աշխարհագրական ամենատարբեր հարթություններով կապ հաստատելը, թեկուզեւ տեղեկատվական տեխնոլոգիաների առկայությամբ: Ինչեւէ, տարեգիրքը կազմվել է եղած արձագանքներովՙ ընդգրկելով գրական սփյուռքի համեմատաբար հանրածանոթ, նաեւ անհայտ անուններ. 20-ից ավելի հեղինակներ:
Ժողովածուն բացող պոեզիայի բաժնի առաջին հեղինակը լիբանանահայ Սաքո Արեյանն է, կարելի է ասել այս շարքի ամենատպավորիչը, իր երկուՙ «Հոգեհանգիստ Վ. Օ. Շ. Ա. Կ. Ա. Ն.» եւ «Նոսթալժիա Պուրճ Համուտի պատշգամբէն» չափածո ընդարձակ ստեղծագործություններով: Նրա բանաստեղծական մտածողությունը սնվում է ապրած բնակավայրի առանձնահատկություններիցՙ ներկա գրական սերնդին բնորոշ գեղարվեստական արտահայտչաձեւերով, որտեղ զգացականը առօրեականի մեջ տարրալուծվում, պոետիկ վիճակների է վերածվում. բանաստեղծական պատկերները շոշափելի են, բառային տարածքըՙ առաձգական:
Հալեպահայ գրող, էսսեիստ Թորոս Թորանյանը, որ շուրջ 100 գրքի հեղինակ է, սփյուռքի ավագ սերնդի ներկայացուցիչ, հիմնականում ծանոթ որպես արձակագիր, այս տարեգրքում, սակայն, ներկայանում է բանաստեղծություններով:
Երեւանյան գրական եւ մերձգրական շրջանակներին ծանոթ անուն է Սոնա Վանը: Ծնունդով Երեւանից, նա երկար տարիներ բնակվում է Միացյալ Նահանգներում: Երեք գրքերի հեղինակ է, ՀՀ մշակույթի ոսկե մեդալի արժանացած, «Նարցիս» գրական հանդեսի հիմնադիրը: Սոնա Վանիՙ տարեգրքում ներկայացրած բանաստեղծությունները նույնպես արդի գեղարվեստական ձեւերի դրսեւորումները ունեն. դրանց առհասարակ բնորոշ է բառի (երեւույթների) հանդեպ անփույթ, ինչ-որ տեղ քամահրական վերաբերմունք: Այդ պատճառով է, որ նրա չափածո մտածողության խորքում առկա եւ գնահատելի հոգեւոր երակը կյանքային իրողությունների տակ խամրած է, քնարական հերոսի ես-ը հայտնված անտարբերության եւ անորոշության երկվության մեջ:
Անունները շատ են, Լոլա Գունտաքչյան, Էլենա Մասեհյան, Անա Արզումանյան եւ ուրիշներ, բոլորին առանձին անդրադառնալը չէ մեր նպատակը:
Արձակի բաժնում եւս մի շարք անուններ հիշատակելի են. Վրեժ-Արմեն Արթինյանըՙ կանադահայ, ազգային-հասարակական բեղուն գործունեություն է ծավալում: Մասնագիտությամբ ճարտարապետ, պաշտոնավարել է բազմաթիվ գրասենյակներում, Կանադայի 2 նախարարություններում, բազմազան նախագծերի հեղինակ: Ընդգծված գրական ունակություններ նույնպես ունի, հատուկ կապվածություն Հայաստանի հետ: «Հորիզոն» տեղի շաբաթաթերթի ակունքներում է կանգնած հիմնադրման օրից, տասը տարի շաբաթաթերթի խմբագրությունն է վարել, մինչեւ 2009 թվականըՙ գրական հավելվածը: Նախընտրած գրական ժանրը ուղեգրություն-հուշագրությունն է: Տպագրել է բազմաթիվ ժողովածուներՙ «Ոստայն-1», «Ոստայն-2», «Ոստայն-3» եւ այլ, որոնցում հայն ու հայկականը մշտապես ներկա են: Տարեգրքում նա ներկայացված է «Կռունկներ» էսսեով:
Սփյուռքում հայտնի անուն է Սարգիս Վահագնը (ԱՄՆ), սերտորեն կապված ծննդավայրիՙ Բեյրութի գրական մամուլին, իր գործոն մասնակցությամբ տեղի գրական շրջանակին: Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների («Արմատներ», «Նայիրեան մորմոք», «Տագնապը»), թատերգությունների, էսսեների: Լոս Անջելեսում 2004-ին լույս տեսած «Արշիլ Կորգի» վեպը ընթերցողական լայն ընդունելություն եւ արձագանք ունեցավ. արժանացավ նաեւ 2 մրցանակներիՙ «Վահան Թեքեյան» եւ «Հայկաշեն Ուզունյան»: Տարեգրքում ներկայացված նրա «Միւսը» պատմվածքի հերոսը ներաշխարհային փնտրտուքների մեջ ինքնության հաստատման ճանապարհներին էՙ հոգեզմայլանքի ու հոգեվարքի հոգեվիճակներով: Արձակագրի հարուստ լեզուն ու ապրումի իրականությունը իր ստեղծագործության առավելությունն են, համոզիչ, միաժամանակՙ առինքնող:
Հալեպահայ հրապարակագիր, ակնարկագիր Հակոբ Միքայելյանը ծանոթ է իրականության, երեւույթների ու մարդկային հարաբերությունների քննական եւ անաչառ վերաբերմունքի, սրատես հայացքի իր գրություններով: Ուսուցիչ է, նաեւ անմիջական մասնակից հալեպահայ թատերական կյանքի: «Այսպիսի տարեդա՞րձ» խորագրով էսսե է ներկայացված տարեգրքում, որտեղ հեղինակը նկարագրում է երեւանյան իր օրերից մեկը, առաջին տարեդարձը Հալեպից դուրս, անորոշ տրամադրությամբ, որն ավարտվում է սակայն գեղեցիկ անակնկալով, անսպասելի տոնականություն սեղանի շուրջըՙ Հակոբ Հակոբյանի, Կարպիս Սուրենյանի, Սոս Սարգսյանի, Նիկոլայ Ծատուրյանի հրաշալի ներկայությամբ: «Հայաստանը քար ու լե՞ռ է, դաշտ ու անտառ, երկինք ու ջուր է, եկեղեցի ու հուշարձա՞ն է միայն, թէ այս է իսկական Հայաստանը, այս մարդոց մէջ, այսպիսի՛ հայրենասէր, հայրենանուէր մարդոց մէջ է Հայաստանը...»:
Արձակի բաժնում ներկա են նաեւ Սեդա Գրիգորյանը, Պերճուհի Ավետյանը, Կոլյա Հովհաննիսյանը. վերջինիս «Եվա» պատմվածքը պարզ, սակայն հետաքրքրական ընթերցվող էջեր ենՙ կանացի հոգեբանության թաքուն շերտերի նուրբ վերհանմամբ:
Թատերգության ժանրում ներկայացված է 2 հեղինակ. Արա Արծրունին բեյրութահայ գրող, հրապարակագիր, բազմաթիվ պիեսների հեղինակ է, հրատարակված նաեւ Երեւանումՙ արեւելահայերենի փոխադրված: Հեղինակ է «Սպիներ», «Հերցոֆ» վիպակների, «Ծովինար» վեպի: Տարեգրքում ընդգրկված է նրա «Ո՞վ է բախում դուռը» կատակերգությունը: Իրանահայ թատերագիր Խորեն Արամունին բազմաժանր ստեղծագործող էՙ վիպակների, պատմվածքների հեղինակ («Անվերադարձ ապագա», «Մահվան պար», «Թատրոն»), մի շարք պիեսներ բեմադրվել են Լոս Անջելեսում: Ներկայացված է «Հարսնացուն Թուրքիայից» դրաման:
Գրականագիտության բաժնում ընդգրկված են Մարի Ռոզ Աբուսեֆյանը, («Հաճի Մուրատ» վեպի առանձնահատկությունից մի հատված), Հրաչյա Սարիբեկյանը («Զավեն Պիպեռյանի» «Մրջյուններու վերջալույսը» եւ էքզիստենցիալիզմը), Հարութ Մարաշլյանը («Նիկողոս Սարաֆեանի «Տեղատվութիւն եւ մակընթացութիւն» ժողովածուն»), Սոնա Մնացականյան («Բանաստեղծական արվեստ-բանաստեղծական խաղ»), Մարգար Շարաբխանյանը («Յակոբ Կարապենց. մարդն ու գրողը»), Արմեն Ավանեսյանը («Սիրիահայ գրականության դիմագիծը»):
Տարեգիրքը տպագրված է հեղինակների նախընտրած ուղղագրությամբ: Շապիկի նկարը եւ ներսի ուրվանկարները Գառզուի աշխատանքներից են: Շապիկին բացակայում է նման հրատարակությունների համար պարտադիր համապատասխան տարեթիվը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: