Wednesday, February 9, 2011

Որոշ փաստեր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծագման մասին

Մուստաֆա Քեմալի դյոնմե (հետաքրքրական է, որ հրեաները դյոնմեներին, կամ ավելի ճիշտ սաբաթայցիներին կոչում են աղանդավորներ` մինիմ (minim): Այսինքն` նրանց չեն համարում գոյիմ` ոչ հրեաներ, այլակրոններ, այլ միայն հուդայականության աղճատված ուսմունքի հետևորդներ) լինելու մասին տեղեկությունները միշտ էլ եղել են շրջանառության մեջ:
Քեմալի մասին սկզբնական հրապարակումների մեջ այդ փաստը մշտապես հիշատակվել է: Օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի մասին առաջին իսկ լուրջ աշխատությունը` բրիտանական հեղինակավոր Դը Թայմսի [The Times] օրաթերթի 1915-1922թթ. հրատարակած 22 հատորանոց Պատերազմի պատմությունը (History of the War) կոթողային երկասիրությունը զանց չի առել այդ փաստը: Այն մասնավորապես գրում է. «Մուստաֆա Քեմալը, ինչպես արդեն հաղորդել են ոմանք, ծագումով սալոնիկցի հրեա է, ազգայնական շարժմանը բացահայտորեն միացել է միայն 1919թ. հունիսն» (The Break-up of Turkey, The Times History of the War, vol. XXI, London, 1920, p. 433) (Musrafa Kemal, reported by some to be of Salonika Jewish descent, only joined the Nationalist movement openly in June, 1919): Արևմտյան մեկ այլ հեղինակավոր հրատարակություն` այս անգամ ամերիկյան Դը Լիթերարի Դայջեսթը (The Literary Digest), 1922թ. Մուստաֆա Քեմալին բնութագրում է որպես «ծագումով իսպանական հրեա, ծնունդով և դաստիարակությամբ ուղղահավատ մուսուլման» (The Sort of Man Mustafa Kemal is, The Literary Digest, October 14, 1922, vol. 75, no. 2, pp. 50-53) (“[a] Spanish Jew by ancestry, an orthodox Moslem by birth and breeding”):
Ըստ էության, նշյալ աշխատությունները նոր բան չեն բացահայտել, այլ պարզապես արտացոլել են այդ տարիներին մամուլում բազմիցս տպագրված վկայությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե ծագման մասին: Բերենք այդ վկայություններից մեկ-երկուսը:
Դը Ասոշեյտըդ Փռեսս (The Associated Press) գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի մեծ վեզիրին, 1920թ. հուլիսի 3-ի իր հաղորդագրության մեջ գրում է. «Մուստաֆա Քեմալը (թուրքական ազգայնական առաջնորդը), որին մեծ վեզիրը ներկայացնում է որպես հրեա, ծնվել է թուրք, և նրա ծնողները սալոնիկից էին ու դեոնմե, այսինքն` հավատափոխներ էին, ինչպիսիք էին Թալեաթի (Թալեաթի դյոնմե լինելու մասին մի ուշագրավ վկայություն է պահպանված հայտնի լրագրող Զեքերիյա Սերտելի (Zekeriya Sertel, 1890-1980) ամուսնական հուշերի մեջ: Նկարագրելով, թե ինքը ինչքան դժվարություններ է հաղթահարել, որպեսզի ամուսնանա դյոնմե Սաբիհա Դերվիշի (Sabiha Dervis) հետ, նա գրում է. «Մեր նշանադրության ժամանակ աղջկա կողմի ներկայացուցիչն էր այդ ժամանակվա վարչապետ Թալեաթ փաշան» (At our engagement, the representative for the girl’s side was then-Prime Minister Talat Pasha) [Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 161.]) և Ջավիդի ծնողները» (Takes Issue with Turk’s Statement about Armenians, by the Associated Press, The Evening Progress, Saturday, July 3, 1920, p. 5) (Mustafa Kemal, (Turkish nationalist leader) whom the great vizier presents as a Jew, was born a Turk and his parents were from Saloniki and were Deonmes, that is converts, as were the parents of Talat and Djavid):
Մեկ այլ իրազեկ աղբյուր` օսմանյան բարձրաստիճան սպա (Pasha), իսկ հետագայում հայտնի արձակագիր Ահմեդ Աբդուլլան (Achmed Abdullah) և հայտնի գործարար Լեո Անավին (Leo Anavi) (երկուսն էլ թուրքական հետախույզներ Բրիտանական բանակում, որոնք առիթներ էին ունեցել Քեմալին հանդիպելու և խիստ քեմալամետ էին) գրում էին, որ Քեմալի նախնիները իսպանական հրեաներ էին (Spanish-Jewish ancestry), և նա ծագումով, ինչպես իրենք էին գրում, «նույնիսկ արյամբ, օսմացի [տվյալ դեպքում` թուրք] չէ» (Not even of Osmanli blood) (Achmed Abdullah, Leo Anavi, The Rise of Mustapha Kemal Pasha from Obscurity, The Bridgeport Telegram, September 28, 1922, p. 4):
Այս փաստը անցյալ դարի 20-ական թվականներին այնքան տարածված էր, որ երբևէ կասկածի տեղիք չի տվել: Պատահական չէ, որ 20-րդ դարի մեծագույն պատմաբաններից մեկը` Արնոլդ Թոյնբին (Arnold Toynbee), նույնպես կարծում էր` Մուստաֆա Քեմալը հրեական (դյոնմե) ծագում ունի (John Gunther, Procession, New York, 1965, p. 98; John Gunther, Inside Europe, New York, 1938, p. 417):
Մուստաֆա Քեմալի դյոնմե ծագման մասին է վկայում նաև ծպտյալ հրեաների (crypto-Jews) կյանքի մի այնպիսի իրազեկ անձնավորություն, ինչպիսին էր Ամերիկայի հրեական կոնգրեսի (American Jewish Congress) երկարամյա նախագահ (1958-1966) Ջոակիմ Պրինցը (Joachim Prinz, 1902-1988): Ահա թե ինչ է նա գրում. «Այն հեղափոխության առաջնորդների մեջ, որի արդյունքում Թուրքիայում ի հայտ եկավ ավելի ժամանակակից կառավարում, կային Ջավիդ բեյը և Մուստաֆա Քեմալը: Երկուսն էլ կարծրահավատ դյոնմե էին: Ջավիդ բեյը դարձավ ֆինանսների նախարար; Մուստաֆա Քեմալը դարձավ նոր վարչախմբի ղեկավարը և ընդունեց Աթաթուրք անունը: Նրա հակառակորդները, շահարկելով նրա դյոնմե լինելը, փորձում էին նրան պաշտոնանկ անել, բայց առանց հաջողության: Չափից ավելի շատ երիտթուրքեր կային նոր կազմավորված հեղափոխական Կաբինետի մեջ, որոնք աղոթում էին Ալլահին, սակայն որպես իրենց իսկական մարգարե ունեին Զմյուռնիայի մեսիա Շաբտայ Ցվիին» (Joachim Prinz, The Secret Jews, New York, 1973, p. 122) (Among the leaders of the revolution which resulted in a more modern government in Turkey were Djavid Bey and Mustafa Kemal. Both were ardent doenmehs. Djavid Bey became minister of finance; Mustafa Kemal became the leader of the new regime and had adopted the name of Ataturk. His opponents tried to use his doenmeh background to unset him, but without success. Too many of the Young Turks in the newly formed revolutionary Cabinet prayed to Allah, but had as their real prophet Shabtai Zvi, the Messiah of Smyrna):
Այն, որ Մուստաֆա Քեմալը հրեական ծագում ունի, լայնորեն տարաված համոզում էր նաև Թուրքիայի բնակչության մեջ: Սալոնիկցի հրեաները միշտ էլ համոզված էին, որ Մուստաֆա Քեմալը դյոնմե է (http://www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0005_0_05294.html): Առ այսօր հրեաներն այդ կարծիքին են: Մուստաֆա Քեմալի անունը կարելի է գտնել Հրեական առցանց գրադարանի (Jewish Virtual Library) ցանկերում, որտեղ ի մի են բերված տեղեկություններ հրեա կամ հրեական ծագումով հայտնի մարդկանց մասին (http://www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0012_0_11019.html):
Նույն համոզումն ուներ և ունի նաև թուրք բնակչությունը: Պահպանվել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության 1933թ. մի հետաքրքիր զեկուցագիր: Բնակչության հարցումները ցույց են տվել, որ հարցվածներից շատերը կարծել են, որ երկիրը պատուհասող բնական աղետների պատճառը երկրի նախագահի հրեա լինելն է: Մասնավորապես մեկն ասել է. «Սաղ էդ հրեան ա (նկատի ունի նախագահին), որ մեզ բրդում ա անդունդը» (It is that Jew (meaning the President) who is pushing us into the abyss) (US Diplomatic Documents on Turkey, Family life in the Turkish Republic of the 1930’s, [ed. Rifat N. Bali], Istanbul, 2007, p. 57):
Ակնհայտ է, որ նման խոսակցությունները գնալով այնքան են շատացել Թուրքիայում, որ իշխանությունները # 5816 օրենքով (31 հուլիսի 1951թ.) քրեական պատիժ են նախատեսել Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու կամ նրան անպատվելու համար (Law # 5816 “Law on Crimes Committed Against Ataturk”, July 31, 1951) (Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 227): Ըստ այդմ` սույն «հանցանքի» համար նախատեսվել է 1-ից 3 տարի ազատազրկում, իսկ որոշ դեպքերում` մինչև 5 տարի (նույն տեղում): Հիշենք, որ առ այսօր Թուրքիայում իշխում է ռասիստական մտայնություն. հայերն ու հրեաները համարվում են երկրորդ կարգի արարածներ: Այդ երկրում մարդիկ մինչևիսկ պատժվում են որևէ մեկին հայ կամ հրեա ասելու համար, քանի որ դա համարվում է անարգանք:
Վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ թուրքերի հոր` Աթաթուրքի, ոչ թուրք լինելու մասին տեղեկությունները միշտ էլ լայնորեն հայտնի են եղել, թեև մշտապես սքողվել են: Հիմա տեսնենք` ի՞նչ հիմքեր կան Մուստաֆա Քեմալին դյոնմե համարելու համար: Նախ, փաստարկների, այսինքն` անուղղակի փաստերի մասին, որոնք հավանական են դարձնում Մուստաֆայի Քեմալի դյոնմե ծագումը:
Նախ, բոլոր հետազոտողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Մուստաֆան ծնվել և մեծացել է մի քաղաքում` Սալոնիկում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը 19-րդ դարի կեսերին հրեա էր: Ըստ էության, Սալոնիկն այդ ժամանակ (և մինչև Թել-Ավիվի հիմնումը 1909թ.-ին) աշխարհի միակ քաղաքն էր բնակչության հրեա մեծամասնությամբ: Եթե հրեաներին գումարում ենք նաև քաղաքի դյոնմե բնակչությունը, որոնք ավանդաբար հաշվառվում էին մուսուլմանների խմբում, ապա հրեաները և հավատափոխ հրեաները (դյոնմե) միասին բացարձակ մեծամասնություն էին: Պատահական չէ, որ Սալոնիկն այդ ժամանակ կոչվում էր «Բալկանների Երուսաղեմ» (Jerusalem of the Balkans) (նույն տեղում, էջ 250):
Կ.Պոլսում 1908-1913թթ. Բրիտանիայի դեսպան սըր Ջերար Լոութերը (Sir Gerard Lowther, 1858-1916) արտգործնախարարությանը հասցեագրած իր 29 մայիսի 1910թ. թվակիր նամակում բերում է հետևյալ տվյալները. Սալոնիկի բնակչությունը «մոտավորապես 140.000 է, որից 80.000 հրեա է, և 20.000 Սաբաթայ Լևիի [Զևի] (“Shavatai Tzvi” or “Shabtai Zvi”; the “Geyik” is simply the Turkish equivalent of Zvi, meaning “deer” or “stag” [ Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 39:]) աղանդից է կամ կրիպտո-հրեա, որոնք առերես իսլամ են դավանում» (Elie Kedurie, Young Turks, Freemasons and Jews, Middle Easter Studies, v. 7, no. 1 (Jan. 1971), p. 94) (population of about 140,000, of whom 80,000 are Jews, and 20,000 of the sect of Sabatai Levi or Crypto-Jews, who externally profess):
Քաղաքում մեծ թիվ են կազմել հույները, բուլղարները, վալախները [ռումինները]: Քրիստոնյաները եղել են առնվազն 13.000 հոգի (Marc Baer, Globalization, Cosmopolitanism, and the Donme on Ottoman and Turkish Istanbul, Journal of World History, vol. 18, # 2 (Jan. 2007), p. 150): Հայերը շատ քիչ են եղել, ընդամենը` 45 հոգի (Kazim Nami Duru (1876-1967), Arnavutluk ve Makedonya Hatiralarim (1959). In : Rifat N. նշվ. աշխ., էջ 119): Այսինքն` Մուստաֆայի ծննդյան տարիներին մուսուլման (ոչ միայն թուրք) է եղել Սալոնիկի յոթ բնակչից միայն մեկը, իսկ հրեա կամ դյոնմե` չորսից երեքը: Թուրքերը, ինչպես բնորոշել է այդ տարիներին Սալոնիկում ապրած թուրք քաղաքական գործիչը, շատ չէին. ընդամենը «ավել էին մի քանիսից» (more than a few) (նույն տեղում):
Խիստ կարևոր հանգամանք է նաև այն իրողությունը, որ Մուստաֆայի ընտանիքն ապրել է Սալոնիկի ոչ մուսուլմանական թաղամասում (նույն տեղում, էջ 244) (Mustafa Kemal lived [during his childhood in Salonika] in a quarter in which [non-Muslim] minorities lived): Հաշվի առնելով օսմանյան հասարակության համայնքային կառուցվածքը (millet system), երբ ամեն համայնքի ներկայացուցիչ ապրում էր իր հավատակիցների և ազգակիցների շրջապատում, ապա այս հանգամանքը խիստ կարևոր է դառնում:
Հաջորդ իրողությունը, որին պետք է ուշադրություն դարձնել, դարձյալ կապ ունի օսմանյան հասարակության համայնքային բնույթի հետ: Կայսրության մեջ ամեն մի համայնք ուներ սեփական միջոցներով պահվող իր դպրոցներն ու կրթարանները: Բացառություն էր կազմում միայն իշխող թուրք տարրը, որի համար կային պետության կողմից հովանավորվող դպրոցներ: Հայտնի փաստ է, որ Մուստաֆային նախ շատ կարճ ժամանակ ուղարկել են Հաֆեզ Մեհմետի (Hafiz Mehmet) թուրքական դպրոց (Barbara K. Walker, Filiz Erol, and Mine Erol, To Set Them Free, The Early Years of Mustafa Kemal Ataturk, New Hampshire, 1981, p. 26), ապա տեղափոխել են Շեմսի էֆենդու (Semsi Efendi, Chemsi Effendi) դպրոցը (H. C. Armstrong, Gray Wolf, An Intimate Study of a Dictator, New York, 1933, p. 5):
Շեմսի էֆենդու (բուն անունով Շիմոն Ցըվի կամ Զըվի, Shimon Zwi) (Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 36-37) դպրոցը Սալոնիկի դյոնմե համայնքի դպրոցներից մեկն էր: Օսմանյան հասարակության մեջ դպրոցները ոչ միայն ըստ համայնքների էին, այլև շատ հաճախ ըստ ներհամայնքային բաժանումների: Որովհետև Սալոնիկի դյոնմե համայնքը, Սաբաթայի տեղապահի հարցի շուրջ (The Donmes in the Memoirs of Fuat Andic, in: Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 126) իր հերթին բաժանված էր երեք խմբի` Յակուբիներ, Կարակաշներ և Կապանչիներ (Yakubilar, Karakasler, Kapanciler) (Cengiz Sisman, The History of naming the Ottoman / Turkish Sabbatians, p. 50; in: Studies on Istanbul and Beyond, The Freely Papers, v. I, 2007, pp. 37-53), ապա նրանցից յուրաքանչյուրն ուներ իր դպրոցը` Ֆրիզ-ի Ատի (Fryz-I Ati) Յակուբիների համար, Ֆեյզիյե (Feyzie) կարակաշների համար, հիմնված 1883-84թթ., և Յադիգար-ե Թերակի (Yadigari Terakki) կապանչիների համար, հիմնված 1879թ. (Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 126: Marc Baer, նշվ. աշխ., էջ 154):
Քանի որ մենք վստահաբար գիտենք, որ Մուսատֆա Քեմալը հաճախել է Ֆեյզիյե դպրոցը, որի մասին ինքն է վկայել դեռևս 1922թ. մի հարցազրույցի ժամանակ (Reported by A. Emin (Yalman), “Buyuk Millet Meclisi Reisi Baskumandan Mustafa Kemal Pasa ile bir mulkat [An Interview with Mustafa Kemal Pasha, President of the Grand National Assembly and Commander-in-Chief, in Turkish]”, Vakit (Turkish Daily), 10 January, 1922), ապա կարող ենք մեծ հավանականությամբ ենթադրել, որ նա դյոնմեների կարակաշ խմբից էր: Ի դեպ, կարակաշ խմբից էր նաև Մեհմեդ Ջավիդ բեյը, ով մինչև 1908թ. Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար դառնալը Ֆեյզիյե դպրոցի տնօրենն էր (Rifat N. Bali, նշվ. աշխ., էջ 120):
Խիստ անհավանական է, որ Մուստաֆան [հետագայում Քեմալ և Աթաթուրք], թուրք լինելով հանդերձ, հաճախեր դյոնմեների դպրոց: Օսմանյան հասարակությունը, ինչպես արդեն նշել ենք, համայնքային կառուցվածք ուներ և այդ տարանջատումը բծախնդրորեն պահպանվում էր: Ուստի, ամեն համայնքի ընտանիք իր զավակներին ուղարկում էր միայն իր համայնքի դպրոցը: Օրինակ` չնայած Օսմանյան կասրությունում գործող հարյուրավոր դպրոցների մեջ կար առնվազն մի քանի բարձր կրթություն ապահովող հայկական դպրոց` մենք չունենք անգամ մի եզակի վկայություն, որ որևէ թուրքական ընտանիքի զավակ երբևէ հաճախել է այդ հայկական դպրոցներից մեկը: Եթե մինչևիսկ ընդունենք, որ Ալի Ռիզան` Մուստաֆայի հայրը, խիստ առաջադեմ էր (իսկ նման եզրակացության համար մենք որևէ հիմք չունենք), և սաստիկ ուզում էր իր զավակին եվրոպական կրթություն տալ, ինչպես հիմա փորձում են ներկայացնել ոմանք, ապա Սալոնիկում այդ ժամանակ արդեն կային ավելի հարմար ֆրանսիական և իտալական դպրոցներ (նույն տեղում, էջ 126):
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ դյոնմե համայնքը խիստ ինքնամփոփ էր: Որևէ օտարի մուտք այդ համայնք բացառված էր: Դյոնմեների վարքականոնը պահանջում էր, որ նրանք խուսափեն այլ մուսուլմանների հետ հարաբերություններից (Marc Baer, նշվ. աշխ., էջ 143) (not to have any relations with other Muslims): Այսինքն` եթե Մուստաֆան դյոնմե չէր, ապա նրա հաճախելը դյոնմեների դպրոց անընդունելի կլիներ և ուղղահավատ մուսուլմանների, և դյոնմեների համար:
Պետք է նաև հիշել, որ Օսմանյան կայսրության դպրոցները չունեին մեկ միասնական կրթական ծրագիր և երեխաներն իրենց համայնքային դպրոցներում ոչ միայն կրթություն էին ստանում, այլև ազգային/կրոնական դաստիարակություն: Պետք է նշել, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև այլուր այդ տարիներին ժամանակակից առումով աշխահիկ դպրոցներ չկային: Բոլոր դպրոցներն էլ, ինչքան էլ առաջադիմական համարվեին, ներառում էին կրոնական կրթության տարրեր:
Դասերը մեծ մասամբ սկսում էին տվյալ կրոնի կամ հարանվանության հիմնական աղոթքով: Ինչպես նշում են հարցի լավագույն ուսումնասիրողները, «Շամսի Էֆենդու դպրոցում շարունակում էին սովորեցնել և կիրառել դյոնմեների կրոնական ծեսերը» (նույն տեղում, էջ 153) (In the Semsi Efendi school continued to teach and practice Donme religious rituals): Միևնույն ժամանակ դպրոցի նպատակներից էր դյոնմեների միջև հարաբերությունների հաստատումը (նույն տեղում): «Ի տարբերություն մյուս մուսուլմանների` դյոնմեները պահպանել էին հավատն առ այն, որ Շաբթայ Ցվին մեսիա է, կատարում էին կաբալիստական ծեսեր, աղոթում էին լադինո (հրեա-իսպանական)` օսմանյան հրեաների լեզվով» (նույն տեղում, էջ 143) (Unlike other Muslims, the Donme maintained a belief that Shabtai Tzvi was the messiah, practiced kabalistic rituals, and recited prayers in Ladino, the language of Ottoman Jewry):
Ի դեպ, Մուստաֆա Քեմալի հավատը կաբալիստական նշանների` գաղտնագրերի ուժի հանդեպ մնացել է ողջ կյանքում: Մի վկայությամբ` նրա սեղանի վրա փակցված է եղել կանաչ գույնի քառակուսի կտոր, որի վրա պատկերված են եղել գաղտնագրեր: Նույն վկայությամբ իսլամի տեսանկյունից անհավատ Քեմալը հավատում էր այդ նշանների զորությանը (H. C. Armstrong, նշվ. աշխ., էջ 143) (believed in the virtue of those signs.) Ի վերջո, մարդ հավատում է այն բաներին, ինչին փոքրուց սովորեցնում են հավատալ:
Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ Շամսի Էֆենդու դպրոցում Մուստաֆա Քեմալը ստացել է ոչ միայն ընդհանուր կրթություն, այլև կրոնական դաստիարակություն: Այս դաստիարակությունն այնքան խորն է եղել, որ անգամ տասնամյակներ հետո էլ նա դեռ հիշում էր իր սովորած աղոթքները:
Պատահական չէ, որ Մուստաֆայի ուսուցչապետ Շեմսի էֆենդու տապանագրի վրա գրված է հետևյալը. «Muallim Semsi Ef.(endi) Ataturkun hocasi» – «Ուսուցիչ Շեմսի էֆ.(ենդի) Աթաթուրքի դաստիարակ»: Հատկանշական է, որ Շեմսի Էֆենդին (Շիմոն Ցըվի կամ Զըվի, Shimon Zwi) անվանվում է ոչ թե պարզապես Աթաթուրքի ուսուցիչ (muallim), այլ հոջա (hoca)` դաստիարակ, առաջին հերթին կրոնական դաստիարակ:
Անտարակույս, վերոհիշյալ բոլոր իրողությունները Մուստաֆա Քեմալի դյոնմե լինելու օգտին խոսող լուրջ փաստարկներ են: Հիմա տեսնենք` ի լրումն նշված փաստարկների` պահպանվե՞լ են արդյոք ուղղակի վկայություններ նրա դյոնմե լինելու մասին: Ինչքան էլ տարօրինակ է, պահպանվել են:
Նշյալ վկայությունների մեջ, անշուշտ, ամենակարևորը Իթամար Բեն-Ավիի (Itamar Ben-Avi) հուշագրության մեջ վկայված հանդիպման (1911թ.) նկարագրությունն է Մուստաֆա Քեմալի հետ Երուսաղեմի Կամենից հյուրանոցում, երբ վերջինս ճամփորդում էր Լիբիա` մասնակցելու իտալաթուրքական պատերազմին: Իթամար Բեն-Ավին (1882-1943) «արդի եբրայերենի հայր» Էլիզեր Բեն-Յահուդայի (Eliezer Ben-Yahuda) որդին էր, նոր ժամանակներում եբրայերենով խոսել սկսած առաջին երեխան: Նա հետևյալ մեջբերումն է անում Մուստաֆա Քեմալի խոսքերից. «Տանը ես Վենետիկում տպագրված մի շատ հին Թանախ (Թանախ (Tenakh կամ Tanakh), հրեական աստավածաշնչի անվանումը: Հապավում է` TaNaKh: Առաջացել է երեք բառերի` Թորահ, Նեվի’իմ, Կխետուվիմ, առաջին տառերի անվանումներից) ունեմ, և եթե ես ճիշտ եմ հիշում, իմ հայրն ինձ ուղարկեց կարայիտ (կարայիտ – ղրիմցի թուրք-հրեա) ուսուցչի մոտ, որն էլ ինձ սովորեցրեց այն կարդալ. որոշ բառեր դեռ մեջս են մնացել… Այդ պահին նա մի պահ լռեց, և նրա աչքերը [այնպիսի արտահայտություն ստացան կարծես] ինչ-որ բան էր որոնում օդի մեջ: Հետո, նույնքան անսպասելիորեն, հիշեց. «Շըմա Իսրայել, ադոնայի էլոհեյնու, ադոնայի էչադ» (Լուր, Իսրայէլ, Տէր Աստուած մեր` Տէր մի է: (Երկրորդումն օրինաց, 6:4)): «Դա մեր մեծագույն աղոթքն է»,- պարոն կապիտան: «Նաև իմ գաղտնի աղոթքն է, սիրելի պարոն»,- պատասխանեց նա և երկուսիս էլ խմիչք լցրեց»: (Itamar Ben-Avi, Im Shahar Atzmautenu: Zichronoto shel HaYeled Ha’lvri HaRishon (At the Dawn of Our Independence : the Memoirs of the First Hebrew Child), 1961, pp. 213-218) (At home I have a very old Tenakh printed in Venice, and if I remember correctly my father sent me to a Karaite teacher who thought me to read it: a few words have remained with me, like …. At that point he paused for a moment and his eyes [looked as if he was] searching the air. Then, just as suddenly, he remembered: “Shma’a Israel, Adonai Eloheinu, Adonai Echad!” “That’s our greatest prayer, Captain Sir.” “And also my secret prayer, Cher Monsieur” he answered and poured us both another drink):
Ոմանք, առավելաբար առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կասկածի են ենթարկել սույն վկայությունը: Որպես հիմնական կռվան` նրանք նշում են, որ կապիտան Մուստաֆա Քեմալը իտալաթուրքական պատերազմին (18 դեկտեմբերի 1911թ. – 24 հոկտեմբերի 1912թ.) մասնակցելու համար ծովով է Ստամբուլից հասել Ալեքսանդրիա (Եգիպտոս), հետևաբար այդ ժամանակ չի եղել Երուսաղեմում (Andrew Mango, Ataturk, London, 1999, p. 452): Սա փաստերի աղավաղում է, եթե ոչ նենգափոխում: Փաստերն անհերքելիորեն վկայում են, որ Մուստաֆա Քեմալը ցամաքային ճանապարհով է գնացել Լիբիա և անցել է Սիրիայի և Պաղեստինի միջով:
Ահա թե ինչ է գրում բրիտանացի հետախույզ և միջինարևելյան հարցերին լավատեղյակ Հարըլդ Արմսթրոնգը. «Բացի Սիրիայի և և Եգիպտոսի վրայով անցնող երկար ճանապարհից` Թուրքիան կտրված էր Հյուսիսային Աֆրիկայից: Իտալացիները վերահսկում էին ծովը և փակել էին Դարդանելը: (…) Երկու ընկերների հետ Մուստաֆա Քեմալը բռնեց ցամաքային ճանապարհը: Նրանք ճանապարհորդեցին Փոքր Ասիայի վրայով, ապա Սիրիայով և Պաղեստինով ներքև` օգտվելով երկաթուղուց, որտեղ այն կար, իսկ մնացածը անցնելով ձի հեծած կամ սայլով» (Harold Armstrong, նշվ. աշխ., էջ 31) (Except by the long route through Syria and Egypt, Turkey was cut off from North Africa. The Italians had control of the sea and had closed Dardanelles. (…) With two friends Mustafa Kemal took the land route. They traveled across Asia Minor and down by Syria and Palestine, using the railway where it existed, but doing the rest on horseback or with carriage):
Միանգամայն անտրամաբանական է կարծել, որ Իթամար Բեն-Ավին իր հուշերում սուտ պատմություն է հորինել, քանի որ անհասկանալի է մնում դրդապատճառը: Բեն-Ավին իր հուշերը գրելիս մինչևիսկ չգիտեր` իր հուշագրությունը կտպագրի՞ երբևէ, թե՞ ոչ: Նա մահացել է 1943թ. իսկ հուշագրությունը տպագրվել է 1961թ., և երկար ժամանակ վերոհիշյալ հատվածն աննկատ է մնացել:
Ինքը` Մուստաֆա Քեմալը, շատ հետաքրքիր պատասխան է տվել իր մոտ ընկերներից մեկի` Նուրի Չոնքերի (Nuri Conker) գրեթե ուղղակի հարցին իր ծագման մասին: Քեմալը պատասխանել է. «Իմ մասին ոմանք ասում են, որ ես հրեա եմ, որովհետև ծնվել եմ Սալոնիկում: Բայց պետք չէ մոռանալ, որ Նապոլեոնն էլ իտալացի էր Կորսիկայից, բայց մահացավ որպես ֆրանսիացի և որպես այդպիսին էլ մտավ պատմության մեջ» (Rifat N. Bali, A Scapegoat for All Seasons: The Donmes of Crypto-Jews of Turkey, Istanbul, 2008, p. 248) (For me as well as some people want to say that I’m a Jew – because I was born in Salonica. But it must not be forgotten that Napoleon was an Italian from Corsica, yet he died a Frenchman and has passed into history as such):
Վստահաբար կարելի է ասել, որ անկախ իր ծագումից` Մուստաֆա Քեմալն ապրել և մեռել է որպես թուրք, իսկական թուրք, բառի հայերեն իմաստով` թուրք: Այս դեպքում հարց կարող է առաջանալ. ուրեմն ի՞նչ տարբերություն, թե ինչ ծագում է ունեցել Մուստաֆա Քեմալը: Ինձ համար` ոչ մի: Բայց, քանի որ թուրքական ռասիստական հասարակության համար դա կարևոր է, ուստի և նրանց համար ենք ի մի բերել բոլոր այս տեղեկությունները: Բարի վայելումն:
Արա Պապյան
Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար
8 փետրվարի 2011թ

No comments: