Tuesday, February 15, 2011

Անկարան զգուշացնում է Բաքվին. ղարաբաղյան պատերազմը վտանգելու է ռուս–թուրքական համագործակցությունը

Tert.am.15-2-2011- Փետրվարի 6-7-ն այցով Ադրբեջանում էր գտնվում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։ Վերջինս Բաքվում հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկված թեմաների մանրամասների մասին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չէր շրջանառվում, բացառությամբ այն բանի, որ կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում։
Սակայն այսօր թուրքական Takvim («Թաքվիմ») օրաթերթը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, որոշ մանրամասներ է ներկայացնում Ֆիդանի՝ ադրբեջանական իշխանությունների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ։
Ըստ թուրքական պարբերականի՝ Անկարան Ֆիդանին գործուղել էր Բաքու՝ հայ–թուրքական գործընթացի առնչությամբ առաջացած լարվածությունը հարթելու համար։
«Անցած շաբաթ, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Եգիպտոսում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վրա, MIT–ի ղեկավար Հաքան Ֆիդանը շատ կարևոր հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ։ Հանդիպումների ընթացքում Ֆիդանն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները։ Բացի այդ, Ֆիդանը շատ կարևոր տեղեկություններով և փաստաթղթերով սիրաշահել է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով թուրք–ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածությունը պարպելու համար»,– գրում է Takvim–ը։
Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի, Հաքան Ֆիդանը Բաքվում քննարկել է նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։
«Ֆիդանը հանդիպումների ընթացքում հայտարարել է նաև, որ հայ–ադրբեջանական պատերազմը վտանգելու է ինչպես տարածաշրջանով անցնող էներգակիրները, այնպես էլ՝ տարածաշրջանային կայունության համար կենսական նշանակություն ունեցող ռուս–թուրքական համագործակցությունը»,– գրում է թուրքական պարբերականը։

No comments: